Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու որոշման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկելու է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին նա հայտարարել է Սաուդյան Արաբիայում կայացած ներդրումային ֆորումի ժամանակ։
Թրամփը նշել է, որ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այդ հարցը քննարկելուց հետո։
«Ես կհրապարակեմ գործադիր հրամանագիր՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համար, որպեսզի նրանց հնարավորություն տրվի մեծության հասնելու», – ասաց Թրամփը։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Սիրիայում կայունություն և խաղաղություն տեսնել։
«Սիրիան, որը շատ տառապանքներ և մահեր է տեսել, ունի նոր կառավարություն, որը, հուսով եմ, կհաջողի կայունացնել երկրում իրավիճակը և պահպանել խաղաղությունը։ Ահա թե ինչ ենք մենք ուզում տեսնել Սիրիայում», – ասաց Թրամփը։
Ինչպես նշել է նախագահը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ Թուրքիայում կհանդիպի Սիրիայի արտգործնախարարի հետ։
«Որտեղ էլ որ հնարավոր լինի, իմ վարչակազմը ձգտում է խաղաղ համագործակցության և բարեկամության ամուր ու հուսալի ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր այն կընդունեն բարի կամքով», – ասաց Թրամփը։