Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին ստորագրել են առևտրի և հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիր
ԱՄՆ նախագահը հանդիպել է Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ակասակա պալատում։
Երկկողմ բանակցություններից հետո կողմերը ստորագրել են առևտրի և հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր։
Ճապոնիայի վարչապետի խոսքով՝ այս համաձայնագիրը կդառնա ԱՄՆ-Ճապոնիա հարաբերություններում նոր ոսկե դարաշրջանի սկիզբ։
Դոնալդ Թրամփը գովաբանել է Ճապոնիային որպես գործընկեր և նշել, որ երկիրը ԱՄՆ-ի ամենաուժեղ դաշնակիցն է։
«Սա կլինի այնպիսի հարաբերություն, որը ավելի ամուր կլինի, քան մեր արդեն իսկ ունեցած հարաբերությունները, և ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելուն», – ասել է Թրամփը Տակաիչիին։
Ամերիկացի առաջնորդը նաև շնորհավորել է նրան առաջին կին վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
«Դուք հիանալի աշխատանք կկատարեք, և մենք կունենանք ֆանտաստիկ հարաբերություններ», – ասել է Թրամփը։
Իր հերթին, Ճապոնիայի վարչապետը նշել է Դոնալդ Թրամփի դերը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու գործում և ԱՄՆ նախագահին հայտնել, որ ինքը առաջադրվել է Նոբելյան մրցանակի։