Դմիտրի Պեսկով. Որքան շատ հեռահար զենք ունենա Ուկրաինան, այնքան մեծ պետք է լինի «սանիտարական գոտին»
Դմիտրի Պեսկով. Որքան շատ հեռահար զենք ունենա Ուկրաինան, այնքան մեծ պետք է լինի «սանիտարական գոտին»

Ինչքան շատ հեռահար զենք ունենա Ուկրաինան, այնքան մեծ պետք է լինի «սանիտարական գոտին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը բացատրել է, որ իրենց հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ուկրաինացի զինվորականներն այդ զենքերով «դիպչեն» Ռուսաստանի քաղաքացիներին։

«Ուկրաինայում «սանիտարական գոտու» շառավիղը կախված կլինի ուկրաինական զենքի հեռահարությունից, որքան բարձր լինեն Ուկրաինայում զենքի մարտավարա-տեխնիկական բնութագրերը, այնքան այդ հեռավորությունը պետք է մեծ լինի։ Հիմնական նպատակը պարզ է՝ թույլ չտալ, որ այդ զենքով նրանք հասնեն Ռուսաստանի քաղաքացիներին»,- ասել է Պեսկովը։

Հունիսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինայի տարածքում «սանիտարական գոտու» ստեղծման հարցը՝ ռուսական շրջանների վրա հարձակումների շարունակման դեպքում։