Դմիտրի Պեսկով. Մենք Եվրոպայից լսում ենք բազմաթիվ հակասական հայտարարություններ, դրանք ավելի շատ առճակատման բնույթ ունեն, քան ուղղված են մեր հարաբերությունների վերականգնմանը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան չի տեսնում, որ Եվրոպան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս»-ին ասել է այն բանից հետո, երբ Կիևում գտնվող եվրոպացի առաջնորդները աջակցել են Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ ծրագրին։
«Մենք Եվրոպայից լսում ենք բազմաթիվ հակասական հայտարարություններ։ Դրանք, ընդհանուր առմամբ, ավելի շատ առճակատման բնույթ ունեն, քան ուղղված են մեր հարաբերությունները վերականգնելու փորձերին», – ասել է Դմիտրի Պեսկովը։
Խոսելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման հեռանկարների մասին՝ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը «ցանկացած առաջնորդի հետ փոխգործակցության և երկխոսության»։
Եվրոպական պետությունների առաջնորդները այսօր Կիևում կայացած մամուլի ասուլիսում միասնական դիրքորոշում հայտնեցին 30-օրյա անվերապահ հրադադարի առաջարկի վերաբերյալ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե այս հանդիպումը օգնի ավարտել պատերազմը։