Դմիտրի Կուլեբան համարում է, որ Բուխարեստի գագաթնաժողովից 13 տարի անց ոչինչ չի արվել Վրաստանի ու Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամակցելու ուղղությամբ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան համարում է, որ Բուխարեստի գագաթնաժողովից 13 տարի անց ոչինչ չի արվել Վրաստանի ու Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամակցելու ուղղությամբ: Այդ մասին Կուլեբան ասել է ուկրաինական «Լիգա» հրատարակությանը տված հարցազրույցում:
Հրատարակության լրագրողը նախարարին հարցրել է իր արած սուր հայտարարությունների մասին:
«Կարծում եմ, 13 տարին մեկ անգամ կարող ես ինքդ քեզ իրավունք տալ կտրուկ և հստակ արտահայտել ձեր կարծիքը: 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշման մեջ պարզ լեզվով ասված էր, որ Ուկրաինան և Վրաստանը կլինեն ՆԱՏՕ-ի անդամներ, իսկ արտգործնախարարները կքննարկեն ՄԱՊ տրամադրելու հարցը: Եթե 13 տարի շարունակ ոչինչ չի արվել այս հարցի վերաբերյալ, գուցե ինչ-որ մեկը պետք է համարձակություն հավաքի և ասի. «Ի՞նչ է կատարվում ընդհանրապես»: Այս անգամ այդ մարդը ես էի», – ասաց Կուլեբան:
Ըստ ուկրաինացի դիվանագետի, ինչպես 2008 թվականին, ՆԱՏՕ-ում դեռ չկա համաձայնություն Դաշինքին Ուկրաինայի անդամակցության ժամանակացույցի վերաբերյալ:
«Կա քաղաքական համաձայնություն, որ Ուկրաինան, ի վերջո, մտնելու է ՆԱՏՕ, եւ դա հաստատվեց վերջին գագաթնաժողովում: Սակայն, նրանք պատրաստ չեն պլանավորել ՆԱՏՕ-ին մեր անդամակցության ժամանակացույցը: Ցավալի է, բայց դա իրականություն է, որի վրա մենք պետք է աշխատենք: Միևնույն ժամանակ, ես չեմ վարկաբեկում Դաշինքի կարևոր դերը 2014 թվականից ի վեր ռուսական ագրեսիան զսպելու գործում», – ասել է Ուկրաինայի արտգործնախարարը: