Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով թուրք կատակերգուի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում է կիրառվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով թուրք կոմիկ Դենիզ Գյոքթաշի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանվել կալանավորումը։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Վաշինգտոն Փոստ»-ը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի օր առաջ դատախազությունը նրա բեմական արտահայտությունների պատճառով հետաքննություն էր սկսել։
Ստամբուլի գլխավոր դատախազության տեղեկատվությամբ՝ հետաքննությունն սկսվել է այս շաբաթվա սկզբին այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում Գյոքթաշի կողմից տարածված բովանդակության մեջ «հանցավոր արտահայտություններ» են հայտնաբերվել։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է Ստամբուլի օդանավակայանում, երբ նա վերադառնում էր Թուրքիա։
Դատախազության տվյալներով՝ Գյոքթաշը կրոնական արժեքները վիրավորել է Ստամբուլում կայացած սթենդափ ներկայացման ժամանակ, որտեղ նա անդրադարձել է Էրդողանին, Ղուրանին և Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Գյոքթաշի փաստաբան Մեթին Ասլանի հայտարարության համաձայն՝ մեղադրանքների թվում ֆիգուրացնում է նաև նախագահին վիրավորելը։
Ոստիկանությանը տված ցուցմունքում Գյոքթաշը հերքել է մեղադրանքները։ Նրա խոսքով՝ կատակները չեն հանդիսացել վիրավորանք ո՛չ կրոնական արժեքների, ո՛չ էլ Ղուրանի հասցեին։ Գյոքթաշը հայտարարել է, որ Էրդողանին «բռնապետ» անվանելը քաղաքական սահմանում էր, այլ ոչ թե վիրավորանք։