Դատարանի որոշման համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլին պետք է միլիոն լարի գրավը վճարի 30 օրվա ընթացքում
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ առանձնապես մեծ չափերով ապօրինի եկամուտների լեգալացման գործով, որպես խափանման միջոց սահմանել է 1 միլիոն լարիի չափով գրավ։ Այս որոշումը քիչ առաջ հրապարակել է դատավոր Էկա Բարբաքաձեն։
Դատարանը լիովին բավարարել է դատախազության միջնորդությունը։ Նախկին վարչապետը պարտավոր է վճարել նշված գումարը 30 օրվա ընթացքում։ Բացի այդ, բավարարվել են նաև դատախազության այլ միջնորդությունները՝ երկրի սահմաններից դուրս մեկնելու արգելքի և անձնագրի առգրավման վերաբերյալ։
Իրակլի Ղարիբաշվիլին նիստի ընթացքում որևէ հայտարարությամբ հանդես չի եկել՝ միայն նշել է, որ համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ։ Հայտարարությամբ հանդես են եկել միայն նրա պաշտպանները։ Ադվոկատ Լիլի Գելաշվիլին նշել է, որ Ղարիբաշվիլին ներկայացել է առաջին իսկ հարցաքննությանը, որևէ փորձ չի ունեցել լքելու երկիրը, և նրա անձով պայմանավորված՝ հնարավոր չէ նաև թաքնվելու փորձ։
Նախնական դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին խուզարկություն է իրականացվել Իրակլի Ղարիբաշվիլիի, Գրիգոլ Լիլուաշվիլիի, Օթար Փարձխալաձեի և նրանց հետ առնչվող անձանց բնակարաններում։ Դատախազության տվյալներով՝ առգրավվել են տարբեր էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ քանակությամբ կանխիկ գումար։
Հոկտեմբերի 22-ին Անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցում հայտարարվել է, որ հակակոռուպցիոն գործակալությունում հարցաքննվել է Իրակլի Ղարիբաշվիլին, ով ամբողջությամբ համագործակցել է քննության հետ և խոստովանել տարիների ընթացքում ապօրինի եկամուտներ ստանալու փաստը։