Չնայած ԱՄՆ-ի կոչերին, Սերբիան ազատ չարձակեց Կոսովոյի կալանավորված ոստիկաններին և երկարաձգեց նրանց նախնական կալանքը
Չնայած ԱՄՆ-ի կոչերին, Սերբիան ազատ չարձակեց Կոսովոյի կալանավորված ոստիկաններին և երկարաձգեց նրանց նախնական կալանքը

Սերբիայի դատարանը երկարաձգել է Կոսովոյի երեք սպաների նախնական կալանքի ժամկետը, որոնք Սերբիայի ուժերը ձերբակալել էին հունիսի 14-ին։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։

Դատավարությունը նշանակվել է այն ​​բանից հետո, երբ Հարավարևելյան Եվրոպայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարը կոչ է արել Սերբիային ազատ արձակել ձերբակալված ոստիկաններին։ Բելգրադն անտեսել է այս խնդրանքը։

Դատախազությունը ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրել ապօրինի զենք ու պայթուցիկ նյութեր պահելու և փոխադրելու համար։

ԱՄՆ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ կասկածյալները կա՛մ բռնի կերպով տեղափոխվել են սերբական տարածք, կա՛մ հայտնվել են սահմանից այն կողմ՝ առանց նախնական մտադրության։

Պաշտոնական Սերբիան պնդում է, որ Կոսովոյի սպաները ձերբակալվել են սահմանից հեռու իրենց տարածքում։ Իսկ Կոսովոն պնդում է, որ սպաներին առևանգել են։

Ի դեպ, Կոսովոյի և Սերբիայի միջև լարվածություն կա։ Կոսովոյի կառավարությունն արգելել է սերբական պետհամարանիշներով մեքենաների մուտքը Կոսովո, ինչին նախորդել է Կոսովոյի երեք ոստիկանների ձերբակալությունը Սերբիայի անվտանգության ուժերի կողմից։ Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածությունը կապված է Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցած ընտրությունների հետ, որոնք բոյկոտել են այնտեղ բնակվող սերբերը։