Չինաստանի ձեռնարկությունում, որտեղ Թբիլիսիի մետրոպոլիտենի թարմացման համար 111 վագոն է պատրաստվում, տեղի է ունեցել նոր գնացքի շնորհանդեսի արարողությունը

13:46, 29.09.2026

Թբիլիսիի մետրոպոլիտենի թարմացումը 111 նոր վագոններով իսկապես պատմական իրադարձություն է մեր քաղաքի կյանքում, քանի որ վերջին անգամ Թբիլիսիի մետրոյին նոր վագոններ ավելացվել էին 34 տարի առաջ, – այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է Չինաստանում՝ մետրոյի վագոններ արտադրող CRRC ընկերություն կատարած այցի ընթացքում, որտեղ տեղի է ունեցել հատուկ Թբիլիսիի մետրոպոլիտենի համար արտադրված նոր գնացքի շնորհանդեսի արարողությունը։

Ինչպես նշվել է միջոցառմանը, Վրաստանի մայրաքաղաքի համար հատուկ ստեղծվել են գնացքի նոր վագոններ, որոնք պետք է դառնան Թբիլիսիի մետրոյի անբաժանելի մասը և Վրաստան-Չինաստան բարեկամության նշանը։

Հույս է հայտնվել, որ միջոցառման կարգախոսը՝ «Թբիլիսիի մետրոյի հաջող զարգացումը», իրական հեռանկար է։

Ելույթի ընթացքում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսել է մայրաքաղաքի համար մետրոյի նշանակության մասին և նշել, որ այսօրվա օրը մետրոպոլիտենին նոր կյանք է տալիս։

«Ուրախ եմ, որ այսօր գտնվում ենք աշխարհում մետրոյի վագոններ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկում (CRRC)՝ մեր մայրաքաղաքի համար շատ կարևոր նորության առիթով, և այս ուրախալի փաստը նշում եմ ձեզ հետ միասին։ Թբիլիսիի մետրոպոլիտենի թարմացումը 111 նոր վագոններով իսկապես պատմական իրադարձություն է մեր քաղաքի կյանքում, քանի որ վերջին անգամ Թբիլիսիի մետրոյին նոր վագոններ ավելացվել էին 34 տարի առաջ։

Թբիլիսիի մետրոպոլիտենն երկար պատմություն ունի։ Ժամանակին դրա ստեղծումը քաղաքի տրանսպորտային զարգացմանն ուղղված ամենակարևոր քայլն էր։ Այսօր արդեն մենք շարունակում ենք այդ պատմությունը և նոր կյանք ենք տալիս մետրոպոլիտենին, որը պետք է պատասխանի ժամանակակից Թբիլիսիի կարիքներին։

Մետրոն Թբիլիսիի համար միայն տեղաշարժման միջոց չէ։ Այն քաղաքի ամենօրյա կյանքի մասն է։ Սա տրանսպորտ է, որով հարյուր հազարավոր մարդիկ են տեղաշարժվում ամեն օր։ Հետևաբար, մետրոյի թարմացումը չի նշանակում միայն տրանսպորտի թարմացում, սա քայլ է դեպի առավել հարմարավետ, անվտանգ և ժամանակակից միջավայրի ստեղծում»,- հայտարարել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ մետրոյի վագոնների թարմացման ծրագիրը չէր իրականանա, եթե չլիներ Վրաստանի իշխանությունների և Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի (AIIB) մեծ աջակցությունը։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է քաղաքապետը, չափազանց կարևոր էր «Ջի-Թի Գրուպ» ՍՊԸ-ի համագործակցությունը մետրոյի վագոններ արտադրող խոշորագույն ընկերության՝ Չինաստանի երկաթուղային շարժակազմի ընկերության հետ։

Քաղաքապետի տեղեկացմամբ՝ այս փուլում արդեն ավարտված է լիովին ժամանակակից առաջին չորսվագոնանոց կազմը, որը տարեվերջին կլինի Թբիլիսիում։ Ինչպես նաև, Կախա Կալաձեն հայտնել է, որ Թբիլիսիի մետրոպոլիտենին ընդհանուր առմամբ կավելանա 25 գնացք, որոնցից 14-ը կլինեն չորսվագոնանոց, իսկ 11-ը՝ հինգվագոնանոց։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցեցին այս բարդ և պատասխանատու գործընթացին։ Շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալող չինական կողմին՝ հրաշալի ու ջերմ ընդունելության և մեր ուրախությունը կիսելու համար։

Այժմ իմ հետևում կանգնած է Թբիլիսիի մետրոյի համար նախատեսված նոր վագոնը, որը միևնույն ժամանակ նոր քայլ է դեպի Թբիլիսիի ապագան։ Շնորհավորում եմ ծրագրի հաջող իրականացման առթիվ»,- հայտարարել է Կախա Կալաձեն։

Իր հերթին CRRC խմբի փոխնախագահ Լի Դինգ Նանն ընդգծել է, որ ծրագիրը մեծ նշանակություն կունենա Չինաստանի և Վրաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների խորացման, պատմական բարեկամության ամրապնդման և Ասիան ու Եվրոպան կապելու համար։

«Թբիլիսիի մետրոյի ծրագիրը CRRC-ի կողմից «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ զարգացման համար իրականացված խորհրդանշական ծրագրերից մեկն է և չին-վրացական երկուստեք արդյունավետ համագործակցության արդյունքը։ Շահագործման հանձնվելուց հետո այն էլ ավելի կկատարելագործի քաղաքի տրանսպորտային ցանցը, կբարձրացնի հանրային ծառայությունների մակարդակը և քաղաքացիների համար կդյուրացնի տեղաշարժը։ Ծրագիրը մեծ նշանակություն կունենա Չինաստանի և Վրաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների խորացման, պատմական բարեկամության ամրապնդման և Ասիան ու Եվրոպան կապելու համար։

Այսօր առաջին գնացքի հանդիսավոր ներկայացումը ծրագրի կարևոր փուլ է, ավելին՝ երկու կողմերի համար համագործակցության խորացման և նոր շուկա համատեղ յուրացնելու նոր սկիզբ։ Ապագայում հույս ունենք, որ Վրաստանի բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին կընդլայնենք համագործակցության ոլորտները»,- ելույթի ընթացքում նշել է CRRC խմբի փոխնախագահը։

Միջոցառմանը ներկա են եղել Չինաստանում Վրաստանի դեսպան Պաատա Կալանդաձեն, «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» տնօրեն Գիորգի Շարկովը, GT Group-ի համահիմնադիր Գիա Գվելեսիանին, CRRC խմբի փոխնախագահ Լի Դինգ Նանը, CRRC Puzhen-ի տնօրենների նախագահ Յանգ Ցին և CRRC Puzhen-ի գլխավոր տնօրեն Սու Հայ Տաոն։

Նմանատիպ