Չեխիան աջակցում է Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման սահմանափակմանը
Չեխիան, որը Եվրամիության նախագահող երկիրն է, աջակցում է Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման սահմանափակմանը և կնախաձեռնի այդ հարցի քննարկումները Եվրամիությունում։ Ինչպես նշում է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր պատերազմական քաղաքականությունն անհետևանք չի ավարտվի։
Չեխ դիվանագետի խոսքով՝ Պրահան կփորձի օգոստոսի վերջին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում բարձրացնել ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանափակումների հարցը։
Մինչ այդ Լիպավսկին այս հարցի մասին խոսել է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ և նշել, որ արդարացված և արդյունավետ միջոց է համարում ՌԴ քաղաքացիների համար Շենգենյան վիզաների սահմանափակումը։
«Ռուսական ագրեսիայի ժամանակաշրջանում, երբ նրա սահմաններն անընդհատ փոխվում են, հնարավոր չէ խոսել Ռուսաստանի քաղաքացիների համար նորմալ զբոսաշրջության մասին»,- ասել է նա չեխական լրատվամիջոցների հետ զրույցում։