Ցանկանում եմ հավաստիացնել մեր բնակչությանը, որ Վրաստանում այլևս երբեք չի հաստատվի «գողական» հասկացությունը
Այսպես կոչված գողական աշխարհի անդամակցության և «օրենքով գող» լինելու համար խստացվում է պատիժը: Ինչպես հայտարարել է այսօրվա կառավարության նիստին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, համաձայն որի պատժելի է դառնում նաև օրենքով գողին դիմելը:
Կառավարության նիստին Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել է նաև գերատեսչության պատրաստակամությունը և մարդու պաշտպանության տեսանկյունից հատուկ դեպարտամենտի փաստը կոչել կարևոր: Նրա խոսքով, այս ուղղությամբ գերատեսչությունում պետք է լինի հավասարակշռություն:
«Ցանկանում եմ նշել և հավաստիացնել Վրաստանի բնակչությանը, որ Վրաստանում այլևս երբեք չի հաստատվի գողական հասկացությունը: Դա բացառվում է և այս ուղղությամբ մենք կլինենք հետևողական և չենք գնա զիջումների, քանի որ սա վերաբերում է մեր համաքաղաքացիների խաղաղությանը, հանգիստ կյանքին և մեր երկրի ապագայի կառուցմանը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: