Բորիս Ջոնսոնը տեսակցել է Էստոնիայում, ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ծառայող բրիտանացի զինվորականներին և բաժանել նրանց սուրբ ծննդյան ճաշ
Բորիս Ջոնսոնը տեսակցել է Էստոնիայում, ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ծառայող բրիտանացի զինվորականներին և բաժանել նրանց սուրբ ծննդյան ճաշ: Էստոնիայի մայրաքաղաք, Տալլի մերձակայքում գտնվող Տապա ռազմակայանում ծառայում է 850 բրիտանացի զինվորական:
Էստոնիայի ռազմաբազա կատարած այցի ընթացքում, Բորիս Ջոնսոնը ընդգծել է Միացյալ Թագավորության հավատարմությունը ՆԱՏՕ-ի հանդեպ և դաշինքի կողմից Էստոնիայի արևելյան սահմանի Ռուսաստանից պաշտպանելու անհրաժեշտությունը:
«Առաջիկա օրերին մենք բոլորս Սուրբ Ծնունդը կնշենք մեր ընտանիքների հետ, իսկ դուք այստեղ կլինեք, շատ ցուրտ վայրում: Այն, ինչ դուք անում եք, շատ կարևոր է, քանի որ ձեր վաստակն է, որ մեր երկրում բոլորը կարող են անվտանգ միջավայրում, հանգիստ տոնել Սուրբ Ծնունդը: Այն, ինչ դուք անում եք, ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն աշխատում է, և որ ՆԱՏՕ-ն դաշինք է, որին մեր երկիրը բացարձակ հավատարիմ է»,- ասել է Ջոնսոնը:
Այցի շրջանակներում, Բորիս Ջոնսոնը հանդիպել է նաև Էստոնիայի վարչապետի հետ և շնորհակալություն հայտնել, բրիտանացի զինվորների հանդեպ ցուցաբերած հյուրընկալության համար:
Բրիտանիացի զինվորականներից բաղկացած գումարտակը Էստոնիայում տեղակայված է 2017 թվականից, այն բանից հետո, երբ դաշինքը որոշում էր կայացրել Ուկրաինայում ռուսական ագրեսիայի ֆոնին ուժեղացնել իր արևելյան սահմանների պաշտպանությունը: