Bloomberg. Դոնալդ Թրամփը «Խաղաղության խորհրդին» հրավիրել է 49 երկրի, այդ թվում՝ Չինաստանին և Ուկրաինային, իսկ հրավիրվածների ցանկում է նաև Եվրահանձնաժողովը
«Բլումբերգ»-ի տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփը «Խաղաղության խորհրդի» կազմավորմանն ուղղված նախաձեռնության շրջանակում հրավիրել է 49 երկիր, այդ թվում՝ Չինաստանը և Ուկրաինան։ Հրավիրվածների ցուցակում նշված է նաև Եվրոպական հանձնաժողովը։
Ինչպես նշում է «Բլումբերգ»-ը, Գազայի հարցերի շուրջ «Խաղաղության խորհրդի» հրավեր է ուղարկվել նաև Ղազախստանին, Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Օմանին, Ավստրիային, Ալբանիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Նոր Զելանդիային, Պակիստանին, Ռումինիային, Կատարին, Սինգապուրին, Սլովենիային, Իսպանիային, Թաիլանդին, Ուզբեկստանին, Վիետնամին և այլ երկրների։
Գործակալության տվյալներով՝ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ «Խաղաղության խորհրդի» հիմնադրման մասին համաձայնագիրը ստորագրվի Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում՝ այս շաբաթ։
Դավոս մեկնելուց առաջ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի վրա, եթե Ֆրանսիայի նախագահը հրաժարվի միանալ «Խաղաղության խորհրդին»։