Բերա Իվանիշվիլի – Պահանջում եմ իրավական պատասխանատվություն իմ հասցեին հնչեցված կեղտոտ զրպարտչական մեղադրանքների համար, դատարան դիմելը ոչ թե ինչ-որ մեկից վրեժխնդիր լինելու, այլ իմ արժանապատվությունը պաշտպանելու ճանապարհ է
«Տարիներ ի վեր հանրությունը հետևում է կոնկրետ ուժերի կողմից իմ և իմ ընտանիքի դեմ իրականացվող վարկաբեկիչ, զրպարտչական արշավին։ Յուրաքանչյուր կեղտոտ զրպարտչական մեղադրանքի առնչությամբ իրավական պատասխան եմ պահանջելու», – այս մասին սոցիալական ցանցում գրում է Բերա Իվանիշվիլին։
Ինչպես նշում է Բերա Իվանիշվիլին, դատարան դիմելը ոչ թե ինչ-որ մեկից վրեժխնդիր լինելու, այլ իր արժանապատվության և իրավունքների պաշտպանության ճանապարհ է։
«Ողջունում եմ ձեզ, հանրությունն արդեն տարիներ է, ինչ հետևում է կոնկրետ ուժերի կողմից իմ և իմ ընտանիքի դեմ իրականացվող վարկաբեկիչ և զրպարտչական արշավին․ պարբերաբար ինձ վերագրում են հազար ու մի կեղտոտ բաներ, սակայն վերջին շրջանում նման դեպքերն առանձնապես հաճախացել են։ Այս ամբողջ ընթացքում կարծում էի, որ նման աբսուրդի վրա ժամանակ ծախսելը և որևէ լուրջ պատասխան տալը չարժե, սակայն սոցիալական ցանցերում և մեդիատիրույթում տեղի ունեցող մշտական անհիմն հարձակումները, որոնք լավ ծրագրված, կոորդինացված արշավի մաս են կազմում, իմ կողմից այլևս չեն կարող մնալ առանց արձագանքի։
Համոզվեցի, որ ստի և կեղտի հոսքն անպատասխան թողնելը այն մարդկանց համար, ովքեր ղեկավարում են նշված գործընթացը, դարձել է մի տեսակ խրախուսող գործոն։
Հենց այդ պատճառով ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ դիմել եմ շատ բարձր իրավասություն ունեցող փաստաբանի՝ իր գործի իսկական պրոֆեսիոնալ Դավիթ Ասաթիանիին, ում օգնությամբ իմ հասցեին հնչեցված յուրաքանչյուր կեղտոտ զրպարտչական մեղադրանքի առնչությամբ իրավական պատասխան եմ պահանջելու։
Ցանկանում եմ հիշեցնել, որ վերջին շրջանում կոնկրետ լրատվամիջոցներ և կոնկրետ անձինք ակտիվորեն շրջանառում են, թե իբր ես հովանավորում եմ այսպես կոչված «քոլ-կենտրոնները», որոշ մարդկանց ձերբակալում են իմ ցուցումներով, մտնում եմ ապօրինի գործարքների մեջ և այլն։ Նման հարցերի վերաբերյալ նույնիսկ միայն հարցադրում անելն էլ բավական է, որպեսզի ի հայտ գան զրպարտության փորձի ակնհայտ նշաններ, սակայն վերոհիշյալ սուբյեկտները գնում են ավելի հեռուն և իմ իբր հանցավոր գործունեության մասին տեղեկությունը տարածում են հաստատական ձևով այնպես, որ այս աբսուրդը հաստատող ոչ մի փաստ ոչ ոք չի ներկայացրել։
Դրա փոխարեն, աղմկոտ վերնագրերով և ինտրիգային տեքստերով հագեցած ռեպորտաժներում, համոզչականության երանգ ստեղծելու համար, օգտագործում են այսպես կոչված ինկոգնիտո ռեսպոնդենտների՝ մութ սենյակում մեջքով նստած անհայտ ինքնությամբ մարդկանց, որոնք չունեն ոչ մի նույնականացնող նշան, և անհասկանալի ձայնային հաղորդագրություններ, որոնց բովանդակության իսկությունը հնարավոր չէ պարզել։
Համարում եմ, որ այս պայմաններում դատարան դիմելը ոչ թե ինչ-որ մեկից վրեժխնդիր լինելու, այլ իմ արժանապատվության և իրավունքների պաշտպանության ճանապարհ է։ Ցանկանում եմ, որ իմ դեմ ուղղված զրպարտչական հարձակումներին տրվի իրավական գնահատական, և դատարանի կողմից զրպարտության փաստը հաստատվելու դեպքում այս ամենն իրականացնող անձինք պատասխանատվություն կրեն օրենքին համապատասխան։
Ես պահանջում եմ միայն արդարություն և ճշմարտության հաստատում, այդ թվում նրա համար, որպեսզի ապագայում ոչ ես, ոչ էլ որևէ ուրիշը ստիպված չլինի հանդուրժել նման անարդարություն», – գրում է Բերա Իվանիշվիլին։