Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է վարչապետի դեմ հարձակում նախապատրաստելու մեջ կասկածվող երեք անձի
Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի, ովքեր կասկածվում են երկրի վարչապետ Բարտ դե Վևերի դեմ հարձակում պլանավորելու մեջ, – այս մասին գրում է «BBC»-ն։
Դատախազությունը հարձակման պլանը վարչապետի և այլ քաղաքական գործիչների դեմ բնութագրել է որպես «ջիհադիստներով ներշնչված ահաբեկչական հարձակում»։
Անտվերպեն նահանգի Դեուրն քաղաքում՝ վարչապետի մասնավոր բնակավայրի մոտ անցկացված խուզարկության ժամանակ իշխանությունները հայտնաբերել են ենթադրյալ ինքնաշեն պայթուցիկ սարք և ապացույցներ, որ կասկածյալները ծրագրել էին օգտագործել դրոն։
Դատախազության տվյալներով՝ կասկածյալները ծնվել են 2001, 2002 և 2007 թվականներին, և երեքն էլ ապրում են Անտվերպենում։
Թեև դատախազությունը հարձակման ենթադրյալ թիրախները չի հրապարակել, փոխվարչապետ Մաքսիմ Պրևոն հայտարարել է, որ Դե Վևերը դրանց թվում էր։
«Վարչապետ Բարտ դե Վևերի դեմ պլանավորված հարձակման մասին լուրը խիստ ցնցող է։ Սա ընդգծում է այն փաստը, որ մենք կանգնած ենք ահաբեկչական իրական սպառնալիքի առաջ և պետք է զգոն լինենք», – նշել է փոխվարչապետը։