Բաթումիի գրանցման տնտեսական գոտու մոտ բողոքի ցույց են անցկացնում բեռնատար մեքենաների վարորդները
Բաթումիի գրանցման տնտեսական գոտու մոտ բողոքի ցույց են անցկացնում բեռնատար մեքենաների վարորդները

Թուրքիայից ապրանքներ տեղափոխող բեռնատար մեքենաների վարորդները պահանջում են վերացնել համաճարակով պայմանավորված սահմանափակումները, մասնավորապես՝ տեղաշարժման, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի ձևակերպման ժամկետի երկարաձգում: Բաթումիի Ադլիա տնտեսական գոտու մոտակայքում վարորդներն անցկացնում են բողոքի ցույց:

Ցուցարարները նշում են, որ 72 ժամվա ընթացքում պետք է հասցնեն անցնել բոլոր ընթացակարգերը՝ տեղափոխվեն Թուրքիա, բեռնեն, վերադառնան և այլն, հակառակ դեպքում իրենք կտուգանվեն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Վրաստանում: Վարորդները հավաստիացնում են, որ տրված ժամանակը բավարար չէ և 72 ժամվա ընթացքում անհնար է անցնել բոլոր ընթացակարգերը:

Բեռնատար մեքենաների վարորդները կառավարությունից խնդրում են հարցի լուծում: Այն պարագայում, եթե իրենց խնդրանքը չի բավարարվի, պատրաստ են փակել ճանապարհները: