Ազգային բանկը դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 8.0 տոկոսի մակարդակին
Վրաստանի ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն 2025 թվականի հուլիսի 30-ի նիստում դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը (ռեֆինանսավորման տոկոսադրույքը) թողել է անփոփոխ։ Դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը կազմում է 8.0 տոկոս։ Տեղեկությունը տարածել է Ազգային բանկի մամուլի ծառայությունը։
«2025 թվականի հունիսի դրությամբ, Վրաստանում ընդհանուր գնաճը տարեկան կտրվածքով աճել է 4 տոկոսով։ Թիրախային 3 տոկոս ցուցանիշի համեմատ գնաճի չափավոր աճը պայմանավորված է հիմնականում սննդամթերքի գների բարձրացմամբ, ինչը մասամբ արտացոլում է միջազգային սննդամթերքի շուկաներում առկա միտումները և նախորդ տարվա ցածր գնաճի բազային ազդեցությունը։ Կարևոր է, որ գնաճային սպասումները կայուն են։ Մասնավորապես՝ ծառայությունների ոլորտի գնաճը, որի գների փոփոխությունն ավելի կոշտ է և լավ է արտացոլում երկարաժամկետ գնաճային սպասումները, պահպանվել է թիրախային 3 տոկոսից ցածր և կազմել է 2.3 տոկոս։ Բացի այդ, արդեն գրեթե երկու տարի է, որ հիմնական գնաճը թիրախային մակարդակից ցածր է։ Զուգահեռաբար ներմուծվող ապրանքների գները մնում են դեֆլյացիոն, հիմնականում վառելիքի գների տարեկան նվազման հաշվին։ Ազգային բանկի կենտրոնական սցենարի համաձայն՝ ինչպես նախորդ եռամսյակի կանխատեսման դեպքում, հիմնականում հաշվի առնելով գլոբալ առկա միտումները և նախորդ տարվա բազային ազդեցությունը, 2025 թվականին գնաճը ժամանակավորապես կպահպանվի 3 տոկոսից բարձր և կկազմի միջինը մոտ 3.8 տոկոս, իսկ միջնաժամկետ հեռանկարում կկայունանա թիրախային ցուցանիշին մոտ։
Տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ ուժեղ։ Նախնական տվյալներով՝ առաջին հինգ ամսվա միջին տնտեսական աճը կազմել է 8.8 տոկոս։ Սա հիմնականում պայմանավորված է տնտեսության արտադրական ներուժի բարելավմամբ, ինչը չեզոքացնում է ավելցուկային համախառն պահանջարկից բխող գնաճային ճնշումները։ Հիմնարար գործոնների համեմատաբար դանդաղ նորմալացման և առաջին հինգ ամսում ուժեղ տնտեսական աճի ֆոնին Ազգային բանկի կենտրոնական սցենարով տնտեսական աճի կանխատեսումը 2025 թվականին վերանայվել է՝ 6.7 տոկոսից մինչև 7.4 տոկոս։
Գլոբալ մակարդակում ընթացող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում տնտեսական անորոշությունը բարձր է։ Հետևաբար գնաճի վրա՝ ինչպես աճի, այնպես էլ նվազման ուղղությամբ ազդող ռիսկերն շարունակում են մնալ կարևոր։ Այս համատեքստում դրամավարկային քաղաքականության կոմիտեն քննարկել է ինչպես բարձր գնաճային, այնպես էլ ցածր գնաճային ռիսկերի սցենարներ։ Մի կողմից՝ ԱՄՆ-ի մաքսային քաղաքականության օրակարգը մի քանի անգամ վերանայվել է, որի հնարավոր սրացումը կարող է ավելի ուժեղացնել գլոբալ տնտեսության ֆրագմենտացիան։ Սա կհանգեցնի մատակարարման շղթաների խափանումների և կձևավորի ստագֆլյացիոն միջավայր։ Բացի այդ, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական իրավիճակի հնարավոր կրկին սրացումը կբարձրացնի տարածաշրջանի ռիսկայնությունը և էական ճնշում կգործադրի նավթի համաշխարհային շուկայի վրա։ Միաժամանակ, կարևոր են նաև տեղական տնտեսության միտումները, մասնավորապես՝ ուժեղ համախառն պահանջարկից բխող գնաճային ճնշումները։ Այս ռիսկերի իրագործման դեպքում դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի ավելի բարձր ուղեգիծ կպահանջվի, քան կենտրոնական սցենարում է։
Մյուս կողմից՝ կոմիտեն դիտարկել է ցածր գնաճային ռիսկերի սցենարը, որի դեպքում հիմնարար գործընթացները կպահանջեն տոկոսադրույքի ավելի ցածր ուղեգիծ, քան կենտրոնական սցենարը։ Մասնավորապես՝ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների պայմաններում արտադրողականությունը պահպանվում է համեմատաբար բարձր մակարդակում։ Նույնպես, այս սցենարում ենթադրվում է դոլարի համաշխարհային ցուցանիշի թուլացում և սննդամթերքի միջազգային շուկայում հումքի գների արագ նորմալացում։ Այս միտումների պահպանման դեպքում ամրապնդված փոխարժեքը և սննդամթերքի միջազգային գները ներմուծվող ապրանքների ցածր գնաճի միջոցով կնպաստեն ընդհանուր գնաճի նվազմանը։
Մակրոտնտեսական վերլուծության և առկա ռիսկերի գնահատման արդյունքում դրամավարկային քաղաքականության կոմիտեն նպատակահարմար է համարել պահպանել զգուշավոր մոտեցումը տոկոսադրույքի հետագա նորմալացման հարցում և թողնել այն անփոփոխ՝ 8 տոկոսի մակարդակում։ Տոկոսադրույքի հետագա փոփոխությունը կախված կլինի նորացված մակրոտնտեսական կանխատեսումներից և ռիսկերի վերլուծությունից։
Վրաստանի ազգային բանկը կօգտագործի բոլոր գործիքները գների կայունությունը պահպանելու համար, ինչը նշանակում է, որ գների ընդհանուր աճը միջնաժամկետ հեռանկարում կլինի մոտ երեք տոկոսին», – նշված է հաղորդագրությունում։
Դրամավարկային քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 10-ին։