Այսպես կոչված արմատական ընդդիմությունը փորձում է վերադասակարգել Դավիթ Գարեջիի գործը և կոծկել սեփական հանցանքը. Իրակլի Ղարիբաշվիլի
Այսպես կոչված արմատական ընդդիմության փորձը, որ վերադասակարգվի Դավիթ Գարեջիի գործը և այն անվանվի «քարտեզագիրների գործ», ուղղված է իրենց իսկ հանցագործությունները կոծկելուն,- այս մասին Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Դավիթ Գարեջիի գործի կապակցությամբ առաջադրված հարցին պատասխանելիս:
Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, գործով կոնկրետ անձանց պատասխանատվության ենթարկելը դատախազության և դատարանի իրավասությունն է:
«Կոնկրետ անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը կորոշեն դատախազությունն ու դատարանը: Սա իմ իրավասությունը չէ: Ես այդ հարցի շուրջ տեղեկություն եմ հաղորդել հետաքննությանը և կրկնում եմ, որ հետաքննությունը սկսվել է իմ նամակի հիման վրա: Իրականում բոլոր նյութերն ու տեղեկությունները, որոնք փոխանցվել են դատախազությանը, հավաքվել են իմ պաշտոնավարման ընթացքում:
Գործը վերաբերում էր շատ լուրջ, հակապետական հանցագործությանը: Այսպես կոչված արմատական ընդդիմության փորձը, որ վերադասակարգվի Դավիթ Գարեջիի գործը և այն անվանվի «քարտեզագիրների գործ», ուղղված է իրենց իսկ հանցագործությունները կոծկելուն: Հետաքննությունը ընթանում է և այլ մեկնաբանություն չեմ անի», – հայտարարել է Ղարիբաշվիլին: