Այսօր երկօրյա այցով Վրաստան կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Մայք Պոմպեոն Թբիլիսի կժամանի օրվա երկրորդ կեսին, իսկ պաշտոնական հանդիպումները կսկսի վաղվանից:
Այցի շրջանակներում Մայք Պոմպեոն կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Գիորգի Գախարիայի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Պետքարտուղարը հանդիպում կունենա նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, պետքարտուղարի այցի շրջանակներում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության խարտիայով նախատեսված առաջնահերթ ուղղությունները և երկու երկրների միջև գոյություն ունեցող հստակ համագործակցության հետագա խորացման հեռանկարները, ինչպես պաշտպանության և անվտանգության, այնպես էլ՝ առևտրի և տնտեսության, ժողովրդավարության, ժողովուրդների միջև շփումների, կրթության և մշակութային փոխանակման ոլորտում:
Նրանց խոսքով, այցի շրջանակներում կողմերը կքննարկեն Վրաստանում և տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրը և երկրների միջև համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Կողմերը կքննարկեն նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները:
«ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Վրաստան մեկ անգամ ևս ընդգծում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերության հստակությունը և երկրների պատրաստակամությունը, շարունակել աշխատանքը ընդհանուր արժեքների և տեսլականի վրա հիմնված գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու համար:
Այցի ընթացքում մեկ անգամ ևս կհաստատվի Ամերիկայի Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև մեր երկրի հետագա ժողովրդավարական զարգացման և եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հանդեպ», – հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը Վրաստան այցը կավարտի վաղը և կմեկնի Իսրայել: