Այն բանի ապահովումը, որ յուրաքանչյուր ձայն լինի հաշվված, Ամերիկայի կառավարության բոլոր ճյուղերի հիմնարար պարտավորությունն է. ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելություն
Չնայած «կովիդ 19»-ի համավարակով ստեղծված բազմաթիվ մարտահրավերներին, ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունները մրցակցային էին և լավ կազմակերպված,- այս մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների գրասենյակի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության նախնական գնահատականում:
Փաստաթղթում նշվում է, որ քարոզարշավը բնութագրվում էր խորը քաղաքական բևեռացմամբ, ինչը հաճախ ստվեր էր գցում ավելի լայն քաղաքական բանավեճին և ներառում էր համակարգված կեղծիքների մասին անարդար մեղադրանքներ:
«Ոչ ոք, ոչ քաղաքական գործիչը և ոչ էլ ընտրված պաշտոնյան, չպետք է սահմանափակեն անձի ընտրելու իրավունքը: Նման ծայրաստիճան դինամիկ արշավից հետո, յուրաքանչյուր քվեի հաշվարկի ապահովումը կառավարության բոլոր ճյուղերի հիմնարար պարտավորությունն է: Սիստեմատիկ խախտումների մասին անհիմն մեղադրանքները, հատկապես գործող նախագահի կողմից, այդ թվում ընտրությունների գիշերը, խաթարել են հասարակության վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ»,- հայտարարել է ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգողը:
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, Կարի Հենրիկսենը հայտարարել է, որ քվեարկելու իրավունքը և այդ ձայների հաշվվելը, ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկն է:
«Կովիդ 19»-ի և փոստով քվեների աճի համատեքստում ես մտահոգված եմ օրինականորեն ընդունված քվեաթերթիկների քանակը սահմանափակելու փորձերով»,- ասաց նա:
Միջազգային դիտորդական առաքելությունը նշում է, որ ընտրությունների օրը անցել է խաղաղ, առանց հուզումների ու ահաբեկումների: Նրանց գնահատմամբ, լրատվամիջոցների միջավայրը ծայրաստիճան բևեռացված էր, բայց միևնույն ժամանակ բազմակարծիք, պաշտպանված էր խոսքի ազատությունը, մատչելի էր տեղեկատվության լայն շրջանակ, որն օգնում էր ընտրողներին կատարել տեղեկացված ընտրություն: