Ախալքալաքում մարդասպանության գործով ձերբակալվածին այսօր մեղադրանք են առաջադրել Թբիլիսիի գլխավոր վարչությունում

Ախալքալաքում հրազենով տղամարդու սպանելու գործով ձերբակալվածին այսօր մեղադրանք են առաջադրել Թբիլիսիի գլխավոր վարչությունում:

Ձերբակալվածի փաստաբան Տարիել Բիլանիշվիլու փոխանցմամբ, ձերբակալվածն օգտվում է լռության իրավունքից:

Ձերբակալվածին խափանման միջոց սահմանելու հարցը Ախալցխայի շրջանային դատարանը կքննարկի, հավանաբար, վաղը:

Ախալքալաքում օգոստոսի 8-ին տեղի էր ունեցել սպանություն: Հրազենով սպանել էին 30-ամյա տղամարդու: Տեղի ունեցած փաստով սկսվել է հետաքննություն: Տեղի բնակիչների խոսքով, Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունը կապված է մի քանի տարի տևող կոնֆլիկտի հետ: Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան Ախալքալաքում լարվել էր իրավիճակը, որի պատճառով անհրաժեշտ էր դարձել մոբիլիզացնել իրավապահների: Մահացածի համագյուղացիներն Ախալքալաքում վնասել են հավանական մարդասպանի մտերիմների անշարժ գույքը: