Անդրեյ Սիբիգա – Ուկրաինան և բոլոր դաշնակիցները պատրաստ են մայիսի 12-ից սկսած 30-օրյա անվերապահ հրադադարի
Ուկրաինան պատրաստ է մայիսի 12-ից սկսած 30-օրյա հրադադարի ռեժիմ սահմանել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Նրա խոսքով, եթե Ռուսաստանը համաձայնվի, կայուն հրադադարը կարող է ճանապարհ հարթել խաղաղության բանակցությունների համար։
«Կիևում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո բոլոր հինգ առաջնորդները՝ Վլադիմիր Զելենսկին, Էմանուել Մակրոնը, կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Դոնալդ Տուսկը և Քեյր Ստարմերը, արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահի հետ, որը կենտրոնացած է եղել խաղաղության հասնելու ջանքերի վրա: Ուկրաինան և բոլոր դաշնակիցները պատրաստ են երկուշաբթի օրվանից սկսած առնվազն 30 օրով ցամաքում, օդում և ծովում լիակատար անվերապահ հրադադարի: Եթե Ռուսաստանը համաձայնվի և ապահովվի արդյունավետ մոնիթորինգ, կայուն հրադադարը և վստահության ամրապնդման միջոցառումները կարող են հիմք հանդիսանալ խաղաղության բանակցությունների համար», – գրել է Անդրեյ Սիբիգան սոցիալական ցանցերում: