Անա Ծիտլիձեն պատասխանում է Միխեիլ Սաակաշվիլիին. «Քանի դեռ որոշումները կայացվում են երեք հոգու կողմից, իսկ մեծամասնությունը դրա մասին իմանում է «Ֆեյսբուքից», կուսակցությունը մշտապես կլինի ճգնաժամի մեջ և երբեք չի դառնա ժողովրդական»
Անա Ծիտլիձեն պատասխանում է Միխեիլ Սաակաշվիլիին. «Քանի դեռ որոշումները կայացվում են երեք հոգու կողմից, իսկ մեծամասնությունը դրա մասին իմանում է «Ֆեյսբուքից», կուսակցությունը մշտապես կլինի ճգնաժամի մեջ և երբեք չի դառնա ժողովրդական»

«Ոչ, պարո՛ն նախագահ, չնայած իմ մեծ հարգանքին, չեմ համաձայնի Ձեզ հետ։ Քանի դեռ որոշումները կայացվում են երեք հոգով (փոխաբերաբար), իսկ մեծամասնությունն այդ մասին տեղեկանում է «Ֆեյսբուքից», կուսակցությունը միշտ լինելու է ճգնաժամի մեջ և երբեք չի դառնա ժողովրդական», – այս մասին սոցիալական ցանցում գրել է «Ազգային շարժում» կուսակցության անդամ Անա Ծիթլիձեն՝ պատասխանելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում գրել էր. ««Ազգային շարժման» մեջ ծանրագույն ճգնաժամ է։ ՄԱՇ-ը (Միացյալ ազգային շարժում) կորցրել է իր տարածաշրջանային կորիզի 70%-ը՝ մասամբ դավաճանության, ռեժիմի միջամտության, ինչպես նաև սխալների պատճառով (այդ թվում՝ իմ սխալների), ինչ-որ մեկին չափից շատ վստահեցի, ինչ-որ մեկին, հնարավոր է, նեղացրի։ Ավելի վատ վիճակում, քան այսօր գտնվում է «Միացյալ ազգային շարժումը», այն պարզապես չէր կարող հայտնվել»։

Ինչպես գրում է Անա Ծիթլիձեն, կուսակցությունում սխալ որոշումների կասկադը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Ազգային շարժման» մեջ չի հաստատվել իսկական ներքին ժողովրդավարություն, որտեղ որոշումները կայացվում են ներքևից վերև։

«Ոչ, պարո՛ն նախագահ, չնայած իմ մեծ հարգանքին, չեմ համաձայնի Ձեզ հետ մի շատ կարևոր հարցում։ Սա չի վերաբերում Նանուկայի գալուն կամ Թինայի «գնալուն»։ Սա ՄԱՇ-ի ընդհանուր ախտանիշն է. քանի դեռ որոշումները կայացվում են երեք հոգով (փոխաբերաբար), իսկ մեծամասնությունն այդ մասին տեղեկանում է «Ֆեյսբուքից», կուսակցությունը միշտ լինելու է ճգնաժամի մեջ և երբեք չի դառնա ժողովրդական։

Հիմնվելով անցյալի փորձի վրա՝ ես չեմ կարող պատասխանատվություն ստանձնել մի բանի համար, որին չեմ մասնակցել, որին դեմ եղել կամ որի մասին ինձ ոչինչ չեն հարցրել և որոշումն այնպես են կայացրել։ Սխալ որոշումների կասկադը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս կուսակցությունում չի հաստատվել իսկական ներքին ժողովրդավարություն, որտեղ որոշումները կայացվում են ներքևից վերև։

ՄԱՇ-ը հիմա ունի դրա հնարավորությունը և հուսով եմ՝ կօգտագործի այն։ Անհրաժեշտ է փոխել ոչ թե անուններն ու ազգանունները, այլ խաղի կանոնները, ապահովել թափանցիկություն, ընտրողների և կուսակցության անդամների իրական մասնակցություն կուսակցության գործունեությանը և վերջ տալ կուլիսային որոշումներին։ Եթե մենք դա անենք, առաջ կգնանք, եթե ոչ՝ նորից կպտտվենք նույն շրջանի մեջ։ Այստեղ նաև հստակեցնեմ, որ ես փոփոխությունների կողմնակից եմ, այլ ոչ թե ստատուս քվոյի պահպանման։ Այո՛, գործող մենեջմենթն սպառել է իրեն»,- գրում է Անա Ծիթլիձեն։