«Amnesty International»-ի զեկույցը Ուկրաինայի կողմից դպրոցներում և հիվանդանոցներում ռազմական տեխնիկա տեղադրելու վերաբերյալ ուսումնասիրվում է անկախ փորձագետների կողմից
«Amnesty International»-ի զեկույցը, որում կազմակերպությունը մեղադրում էր ուկրաինական կողմին դպրոցներում և հիվանդանոցներում զորքեր և տեխնիկա տեղակայելու մեջ, ուսումնասիրվում է անկախ փորձագետների կողմից։ Այս մասին տեղեկություն է տարածում «Deutsche Welle»-ն՝ հիմնվելով կազմակերպության հայտարարության վրա։
Խոսքը զեկույցի հրապարակմանը նախորդած գործընթացների ու որոշումների ուսումնասիրության մասին է։ Փորձագետները կվերանայեն նաև նյութի պատրաստման գործընթացը և կներկայացնեն զեկույցի իրավաքաղաքական վերլուծությունը:
Հիշեցնենք, որ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ասվում էր, որ ուկրաինացի զինվորականները տեխնիկա և կենդանի ուժ են տեղակայում քաղաքացիական օբյեկտներում, ինչը վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար։
Զեկույցի հրապարակումից հետո Ուկրաինայի իշխանությունները խստորեն քննադատել են միջազգային կազմակերպությանը և իրենց պատրաստած ուսումնասիրությունը համեմատել ռուսական քարոզչության հետ։