ԱՄՆ-ում ֆինանսավորման կրճատումների պատճառով 60-ամյա հանրային հեռարձակող կորպորացիան փակվում է
ԱՄՆ-ում ֆինանսավորման կրճատումների պատճառով 60-ամյա հանրային հեռարձակող կորպորացիան փակվում է

ԱՄՆ-ում ֆինանսավորման դադարեցման պատճառով փակվում է 60-ամյա պատմություն ունեցող Հանրային հեռարձակման կորպորացիան։ Պատճառն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած բյուջետային ծախսերի մասշտաբային կրճատումն է, որին աջակցել է նաև Կոնգրեսը։

Հրապարակված հայտարարությունում Հանրային հեռարձակման կորպորացիան նշում է, որ իրենց աշխատակիցների մեծ մասը կազատվի աշխատանքից սեպտեմբերի վերջին, իսկ կմնա միայն փոքր խումբ, որը կշարունակի աշխատել մինչև 2026 թվականի հունվարը։ Հստակ, թե քանի մարդ կկորցնի աշխատանքը, հայտարարությունում չի նշվում։

«Չնայած միլիոնավոր ամերիկացիների արտակարգ ջանքերին, որոնք զանգահարում էին, գրում և ուղարկում էին դիմումներ Կոնգրես՝ Հանրային հեռարձակման կորպորացիայի դաշնային ֆինանսավորումը պահպանելու պահանջով, մենք ստիպված եղանք բախվել ծանր իրականությանը՝ մեր գործունեության դադարեցմանը», – նշված է կորպորացիայի նախագահ և գլխավոր տնօրեն Պատրիցիա Հարիսոնի հայտարարությունում։

Իր 60 տարվա պատմության ընթացքում Հանրային հեռարձակման կորպորացիան պատասխանատու էր PBS հեռուստաընկերության, NPR ռադիոյի, ինչպես նաև ավելի քան 1500 տարածաշրջանային հանրային մեդիա միջոցների ֆինանսավորման բաշխման համար։

Թրամփը և նրա աջակիցները PBS հանրային հեռուստաընկերությանը և NPR ռադիոյին մեղադրում էին լիբերալ օրակարգի նկատմամբ կողմնակալության մեջ, ինչը մեդիա միջոցները մշտապես հերքում էին։

«Հանրային մեդիան եղել է ամերիկյան կյանքի ամենահուսալի հաստատություններից մեկը, որը ապահովում էր կրթական հնարավորություններ, տեղեկացնում էր քաղաքացիներին արտակարգ իրավիճակների մասին, անցկացնում էր քաղաքակիրթ քննարկումներ և զարգացնում էր մշակութային կապեր երկրի բոլոր անկյուններում», – նշված է Հանրային հեռարձակման կորպորացիայի տնօրենի հայտարարությունում։