ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 84 218 նոր դեպք

Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրվել է մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ:

«Ռոյտեր» գործակալության փոխանցմամբ, վերջին մեկ օրում ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշվել 84 218 մարդու մոտ:

Կորոնավիրուսի ցուցանիշն աճող է Օհայո, Միչիգան, Հյուսիսային Կառոլինա, Փենսիլվանիա և Ուիսքոնսին նահանգներում:

«Ռոյտեր» գործակալության փոխանցմամբ, վերջին 24 ժամում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ է արձանագրվել 16 նահանգներում, իսկ 11 նահանգում արձանագրվել է վարակակիրների հոսպիտալիզացման ռեկորդային ցուցանիշ:

Նախօրեին ԱՄՆ-ում կորոնավիրուս էր ախտորոշվել 76 195 մարդու մոտ:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի և մահացության թվով ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է: Համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 8,5 միլիոն մարդու մոտ, զոհվել է 224 հազար պացիենտ: