ԱՄՆ Պետդեպը երկրները բաժանել է զբոսաշրջիկների համար անվտանգության կատեգորիաների. Վրաստանը հայտնվել է «ամենաանվտանգ» երկրների խմբում
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը արտասահման ուղևորվող սեփական քաղաքացիներին տալիս է նոր հանձնարարականներ:
ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունը անվտանգության տեսանկյունից երկրները բաժանել է չորս անվանակարգերի:
Առաջին ամենաանվտանգ անվանակարգում տեղ է գտել Վրաստանը, սակայն պետքարտուղարությունը առաջարկում է սեփական քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններ, կոնկրետ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջաններ այցելություններից:
Առաջին խմբում հայտնվել են նաև՝ Սկանդինավյան երկրները, Ավստրիան, Շվեյցարիան, Արևելյան Եվրոպայի երկրները, Կանադան, նախկին Խորհրդային Միության երկրները բացի Ռուսաստանից, Ադրբեջանից և ՈՒկրաինայից:
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ահաբեկչական վտանգի պատճառով Պետքարտուղարության կողմից ընդգրկվել են երկրորդ կատեգորիայում՝ «Ուժեղացված նախազգուշացումներ»: Այս երկրներում Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին:
Ռուսաստանն ընդգրկվել է երկրների երրորդ խմբի մեջ, որտեղ այցելությունները «խորհուրդ է տրվում վերանայել»: Խորհուրդ է տրվում «խուսափել այդ երկրներ այցելություններից՝ անվտանգության լուրջ սպառնալիքների առնչությամբ», իսկ այցելության դեպքում էլ հատուկ զգուշություն դրսևորել: Այդ խմբի մեջ են ընդգրկվել նաև Թուրքիան, Լիբանանը, Նիգերիան, Վենեսուելան, Կուբան, Հոնդուրասը և մի քանի այլ երկիր:
Կյանքին սպառնացող վտանգի պատճառով գերատեսչությունը խորհուրդ է տալիս չայցելել Սիրիա, Եմեն, Իրաք, Իրան, Աֆղանստան, ԿԺԴՀ, Լիբիա, Մալի, Սոմալի, Հարավային Սուդան և Կենտրոնական ԱՖրիկա:
Հեղինակ -
Edgar Barsegyan