ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հաստատել է 2021 թվականի պաշտպանության բյուջեի սենատի հետ համաձայնեցված տեքստը, որում խոսվում է նաև Վրաստանի աջակցության մասին
ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է 2021 թվականի պաշտպանության բյուջեի նախագծի սենատի հետ համաձայնեցված տեքստը: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքում:
Փաստաթղթին, որի վեռնագիրն է «2021 թվականի ազգային պաշտպանության թույլտվության ակտ», աջակցել են կոնգրեսի ստորին պալատի 355 անդամներ, դեմ է եղել 78-ը: Նախագծին պետք է աջակցի նաև Սենատը:
Փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանի մասին: Մասնավորապես, նշվել է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական մրցակցության և դրա հետ կապված գործողությունների տեսանկյունից, Ռուսաստանի ագրեսիան զսպելու համար, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պետք է ավելացնի «ուշադրությունը և կենտրոնանա Սևծովյան տարածաշրջանում ռազմական բալանսի փոփոխման վրա, ինչպես նաև ավելացնի ՆԱՏՕ-ի և այլ բազմակողմ զորավարժությունների հաճախականությունը: Այդ թվում ՝ Ուկրաինայի և Վրաստանի մասնակցությամբ:
Բյուջեի նախագծում նշվում է նաև 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, ըստ որի ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայի և Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները և համաձայն է, որ այդ երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ:
Փաստաթուղթը նախատեսում է նաև «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ պատժամիջոցների երկարացում:
ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի ընդհանուր գումարը գերազանցում է 740 միլիարդ դոլարը: Այդ գումարից 69 միլիարդ դոլարը նախատեսված է արտերկրում չնախատեսվող գործողությունների համար, ինչը, ըստ բացատրական փաստաթղթի, հնարավորություն կտա զինվորականներին պահպանել պատրաստակամությունը, ավելացնել հնարավորությունները և ներդնել երկրի անվտանգության համար անհրաժեշտ նոր ծրագրեր և տեխնոլոգիաներ: 2021 թվականի բյուջեի համաձայն, Ուկրաինային տրամադրվում է 250 միլիոն դոլարի օգնություն:
Հատկանշական է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է օրինագծին, և հայտարարում է, որ վետո կդնի փաստաթղթի վրա: Դոնալդ Թրամփը քննադատում է օրինագիծը, քանի որ այն չի նախատեսում վերացնել սոցցանցերի ընկերությունների պաշտպանության մասին կանոնադրությունը, ինչպես նաև փաստաթուղթը չի նախատեսում արտասահմանյան առաքելություններում ամերիկյան զորքերի թվի կրճատում:
«Հուսով եմ, որ ներկայացուցիչների պալատում հանրապետականները դեմ կքվեարկեն ազգային պաշտպանության թույլտվության շատ թույլ օրենքին, որի կապակցությամբ ես վետո կդնեմ», – «Թվիթերում» գրել է Թրամփը կոնգրեսի ստորին պալատում քվեարկությունից առաջ: