ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Իրանի և Վենեսուելայի տասը անձանց և կազմակերպությունների
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սանկցիոն ցուցակում ավելացրել է Իրանի և Վենեսուելայի հետ կապված 10 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այս մասին հաղորդում են ամերիկյան և միջազգային լրատվամիջոցները։
Ըստ տեղեկության՝ սանկցիաների ցուցակում ներառվել է Վենեսուելայում հիմնադրված Empresa Aeronautica Nacional SA (EANSA) ընկերությունը և դրա նախագահ Խոսե Խեսուս Ուրդանետա Գոնսալեսը, որոնք մասնակցել են Իրանի և Վենեսուելայի միջև անօդաչու թռչող սարքերի ու դրոնների առևտրին։
«Ուրդանետան, EANSA-ի անունից, համակարգում էր աշխատանքը Վենեսուելայում անօդաչու սարքերի արտադրության ուղղությամբ՝ համագործակցելով Վենեսուելայի և Իրանի զինված ուժերի անդամների ու ներկայացուցիչների հետ», – նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունում։
ԱՄՆ-ի Տեռորիզմի և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Ջոն Հերլին ընդգծել է․
«Մենք շարունակելու ենք արագ գործողություններ ձեռնարկել՝ կանգնեցնելու նրանց, ովքեր Իրանի ռազմական արդյունաբերական համակարգին թույլ են տալիս օգտվել ԱՄՆ ֆինանսական համակարգից»։
Նշենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ն ուժեղացրել է ճնշումը Վենեսուելայի վրա՝ ռազմական ուժեր տեղակայելով Հարավային Կարիբյան ավազանում և սանկցիաներ կիրառելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, նրա կնոջ ընտանիքի անդամների և մերձավորների նկատմամբ։