ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության շրջանակներում ամերիկյան կողմն իրականացնելու է 7 000 000 դոլլարի կրթական ծրագիր:
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում անցկացվել է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում միջժողովրդական հարաբերությունների և մշակութային փոխանակման աշխատանքային խմբի հանդիպում, որին Վրաստանի կողմից համանախագահում էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Իրինե Աբուլաձեն և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին: ԱՄՆ-ի կողմը ներկայացնում էին կրթության և մշակույթի գործերի ուղղությամբ պետական քարտուղարի օգնականի տեղակալ Ալիշա Վուդվարդը և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության վարչության տեղակալի օգնական Ալեքսանդր Սոկոլովսկին:
Աշխատանքային խմբի շրջանակներում կողմերը քննարկել են Վրաստանի առաջընթացը և երկու երկրների միջև ընթացող համագործակցությունը կրթության, մշակույթի, ռազմավարական հաղորդակցությունների և քաղաքացիական ինտեգրման ուղղությամբ: Կողմերը զրուցել են համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունների և համապատասխան ծրագրերի մասին:
Վրաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ գործընկերության շրջանակներում USAID-ն իրականացնելու է 7 միլիոն դոլլարի ևս մեկ լայնամասշտաբ հնգամյա նախագիծ: «Achieving Student-Centered Education for a New Tomorrow (ASCENT)» նախագիծը նկատի ունի Վրաստանի բոլոր հանրակրթական հաստատություններում տարրական դասարանի աշակերտների գրագիտության, մաթեմատիկական մտածողության, խնդրի լուծման և քննադատական մտածողության ունակությունների զարգացում: