ԱՄՆ դեսպանատուն - Պետքարտուղար Ռուբիոյի խնդրանքով դեսպան Դանիգանը փորձել է հանդիպում ունենալ Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպումից
Պետքարտուղար Ռուբիոյի խնդրանքով, մայիսի 22-ին դեսպան Դանիգանը փորձել է հանդիպում ունենալ Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպումից, – ասված է ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանը պատրաստվում էր խոսել այն կոնկրետ քայլերի մասին, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ լուրջ է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հարցում։
«Բիձինա Իվանիշվիլին մերժեց հանդիպումը դեսպան Դանիգանի հետ, որի ընթացքում նա պետք է լսեր Թրամփի վարչակազմի ուղերձը։ Պետքարտուղար Ռուբիոյի խնդրանքով՝ մայիսի 22-ին դեսպան Դանիգանը խնդրել էր հանդիպում Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ վարչակազմի ուղերձը փոխանցելու և կրկին ներկայացնելու այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է իրականացնել՝ ցույց տալու համար, որ լրջորեն է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման հարցում։ Մենք հույս ունենք, որ Վրաստանի կառավարությունը անկեղծորեն ցանկանում է վերադառնալ ԱՄՆ-ի և ամերիկացի ժողովրդի հետ ունեցած 33 տարվա գործընկերությանը և բարեկամությանը», – ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։