Ալբանիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Ալբանիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ Հիմնական մրցակիցներն են Ալբանիայի սոցիալիստները՝ երկրի ներկայիս վարչապետ Էդի Ռամայի գլխավորությամբ, և Ալբանիայի նախկին նախագահ Սալի Բերիշայի գլխավորած Պահպանողականների դաշինքը։ Բերիշան մեղադրվում է կոռուպցիայի և կաշառակերության մեջ, և ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել նրա դեմ։
Ալբանիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էդի Ռաման երկիրը կառավարում է 2013 թվականից։ Իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում նա խոստացել է շարունակել ջանքերը՝ մինչև 2030 թվականը Ալբանիան Եվրամիության անդամ դարձնելու համար։
Նրա մրցակից Սալի Բերիշան նախկինում զբաղեցրել է Ալբանիայի վարչապետի և նախագահի պաշտոնները։ Պահպանողական քաղաքական գործիչը գլխավորում է ընդդիմադիր դաշինքը, որի գլխավոր կարգախոսն է «Մեծ Ալբանիա»։ Բերիշան փորձում է վերադառնալ իշխանության 12 տարվա ընդմիջումից հետո։
Ընտրություններից առաջ անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ առաջատարը Սոցիալիստական կուսակցությունն է, որին աջակցում է ընտրողների 49%-ը, մինչդեռ պահպանողականներին աջակցում է ընտրողների 35%-ը։
Առաջին անգամ արտասահմանում գտնվող 245.9 հազար ընտրող կմասնակցի ընտրություններին հեռակա կարգով։
Ալբանիայի խորհրդարանն ունի 140 պատգամավոր, որոնք ընտրվում են համամասնական ընտրակարգով։ Ալբանիան ՆԱՏՕ-ի անդամ է 2009 թվականից։ 2022 թվականից ի վեր Ալբանիայի կառավարությունը բանակցություններ է վարում Եվրամիությանը անդամակցելու շուրջ։