Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն. Նենսի Փելոսիի անհիմն և անարդար մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին անընդունելի են
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է ԼՂ հակամարտության վերաբերյալ Նենսի Փելոսիի հայտարարությանը։
«Փելոսիի անհիմն և անարդար մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին անընդունելի են»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պայմանական, չսահմանազատված սահմանին տեղի ունեցած միջադեպը Հայաստանի կողմից լայնածավալ ռազմական սադրանք է Ադրբեջանի դեմ, որը Ադրբեջանի զինված ուժերը կանխել են ՝ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։
Գործակալության տեղեկություններով՝ ներկայումս պահպանվում է հրադադարի ռեժիմը , իսկ տարածաշրջանում իրավիճակի սրման և լայնածավալ սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«Առհասարակ առմամբ Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ և նրա պատվիրակության կազմում Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը դրա ապացույցն է։ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առջև Փելոսին օգտագործում է այցը իր ներքաղաքական օրակարգն առաջ մղելու և ԱՄՆ-ում հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունը ստանալու համար: ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգից անթույլատրելի է քաղաքական ինտրիգների և շահերի լոբբինգի տեղափոխումը Հարավային Կովկասի տարածաշրջան Հայաստանի միջոցով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ-ի՝ Նենսի Փելոսիի հայտարարությունը Երևանում պետք է համարել «հայկական քարոզչության հիման վրա արված հայտարարություն, որը լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին»։
Ըստ նախարարության՝ «նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ, ընդհակառակը, լարվածության սրմանը»։