Ադրբեջանը և Հայաստանը փոխանակվել են գերիներով

Ադրբեջանը և Հայաստանը փոխանակվել են գերիներով: Այս մասին մամլո ասուլիսին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուսական կողմի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ռուստան Մուրադովը:

Մուրադովի խոսքով, գերիների փոխանակումն իրականացվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների նոյեմբերի 9-ին կնքած պայմանագրի հիման վրա՝ «բոլորը բոլորով» սկզբունքով:

Մասնավորապես, ադրբեջանական կողմին է փոխանցվել 12 մարդ, հայկական կողմին՝ 44-ը:

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հաստատել է, որ Հայաստան ռուսական կողմի ներկայացուցիչների միջնորդությամբ վերադարձավ 44 քաղաքացի: Ավինյանի խոսքով, վերադարձել են այն գերիները, որոնց գերեվարումը հաստատված էր Ադրբեջանի և «Կարմիր խաչի» կողմից: Ինչպես նշել է Ավինյանը, մնացած գերիների բացահայտման և վերադարձի գործընթացը շարունակվում է:

Գերիների փոխանակման փաստը հաստատում է նաև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը: Գերատեսչության փոխանցմամբ, դեկտեմբերի 14-ին մեկնարկել էր գերիների և պատանդների վերադարձի գործընթացը «բոլորը բոլորով» սկզբունքով:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ, Բաքու ինքնաթիռով վերադարձած գերիների թվում են նաև 2014 թվականի հուլիսից գերեվարված Շահբազ Գուլիևը և Դիլգամ Ասկերովը: