25 տարի տևած բանակցություններից հետո Եվրամիությունը ազատ առևտրի համաձայնագիր է կնքել Հարավային Ամերիկայի երկրների հետ
25 տարի տևած բանակցություններից հետո Եվրամիությունը ազատ առևտրի համաձայնագիր է կնքել Հարավային Ամերիկայի երկրների հետ

Եվրոպական միությունը 25 տարվա բանակցություններից հետո հասել է ազատ առևտրի համաձայնության՝ Հարավային Ամերիկայի երկրների Մերկոսուր տնտեսական բլոկի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մերկոսուրի բլոկում ընդգրկված են՝ Բրազիլիան, Արգենտինան, Պարագվայը և Ուրուգվայը։

Համաձայնության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Եվրոպական խորհրդարանի հաստատումը։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ սա «պատմական օր է»։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ համաձայնությունը զգալի օգուտ կբերի ինչպես սպառողներին, այնպես էլ բիզնեսին.

«Մեր երկարատև աշխատանքը արդյունք տվեց։ Ես ողջունում եմ խորհրդի որոշումը։ Անհամբեր սպասում եմ այս պատմական համաձայնագրի ստորագրմանը։ 25 տարի անց մենք հասանք էական ու փոխադարձ շահավետ համաձայնության, որը կբացի աներևակայելի հնարավորություններ։

Այսօր Եվրոպան հստակ ազդակ է ուղարկում աշխարհին՝ մենք լրջորեն ենք վերաբերվում մեր առաջնահերթություններին՝ աշխատատեղերի ստեղծմանը և եվրոպացի սպառողների ու բիզնեսի շահերի պաշտպանությանը։

Մերկոսուրի հետ միասին մենք ստեղծում ենք համատեղ շուկա՝ 700 միլիոն մարդու համար՝ լի նոր հնարավորություններով։

Մեր ուղերձը հետևյալն է՝ գործընկերությունը բերում է բարեկեցություն, իսկ բաց լինելը՝ առաջընթաց։

Ներկայումս 60,000 եվրոպական ընկերություն արդեն արտահանում է Մերկոսուրի շուկա, որոնց կեսը փոքր և միջին բիզնեսներ են։ Նրանք կօգտվեն մաքսային զեղչերից, տարեկան կխնայեն մոտ 4 միլիարդ եվրո և կօգտվեն պարզեցված մաքսային գործընթացներից։ Իհարկե, այս ամենը կբացի նաև մուտք դեպի կարևոր հումքային ռեսուրսներ»։

Այնուամենայնիվ, համաձայնության դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում և Բելգիայում, որտեղ ֆերմերները երթեր ու ցույցեր են կազմակերպել՝ օգտագործելով տրակտորներ։

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրահանձնաժողովը լսել է ֆերմերների մտահոգությունները և համապատասխան քայլեր է ձեռնարկել՝ համաձայնագրում ներառելով «ամուր երաշխիքներ»՝ ֆերմերների կենսապահովման միջոցների պաշտպանության համար։