16 անձի մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից խոշտանգումների, կողոպուտի և խմբակային բռնության կազմակերպման և դրանց մասնակցելու համար
Թբիլիսիի դատախազության անչափահասների գործերի վարչությունը մեղադրանք է ներկայացրել 16 անձի՝ կազմակերպված խմբի կողմից նախնական մտադրությամբ անչափահասի նկատմամբ խոշտանգման, կողոպուտի, խմբակային բռնության կազմակերպման և դրան մասնակցելու փաստերով։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի դատախազությունը։
«Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ «ֆաշիստական-նացիստական» գաղափարախոսություն ունեցող խմբավորման անդամները, իրենց գաղափարախոսությունից ելնելով, իրենց համար անընդունելի կենսակերպ և ինքնություն ունեցող անձանց, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ բռնություն էին կազմակերպում։ Տվյալ խմբավորման անդամները, տարբեր հայացքներ, սեռական կողմնորոշում և ինքնություն ունեցող անձանց հայտնաբերելու ու պատժելու նպատակով, անհանդուրժողականության շարժառիթով, նախապես ընտրված զոհերին կազմակերպված կերպով և խմբով հարձակվում էին, նվաստացնում, նրանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն էին գործադրում և խոշտանգում։ Նաև հաճախ բռնության տեսանյութեր էին նկարահանում և դրանք տարածում տարբեր սոցիալական ցանցերում ու փակ խմբերում։
Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խմբակային բռնության կազմակերպում, որը ուղեկցվում է բռնությամբ, և դրան մասնակցություն), ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում վեցից ինը տարի ժամկետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և 3-րդ մասի «ա» ենթակետերով (կողոպուտ՝ նախնական համաձայնությամբ խմբի կողմից, որը հանգեցրել է զգալի վնասի), ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով, ինչպես նաև Վրաստանի քրեական օրենսգրքի 144-րդ պրիմա հոդվածի 2-րդ մասի «զ» և 3-րդ մասի «բ» ենթակետերով (կազմակերպված խմբի կողմից՝ նախնական մտադրությամբ անչափահասի նկատմամբ խոշտանգում), ինչը որպես պատիժ՝ անչափահասների արդարադատության օրենսգրքի սահմանումներից ելնելով, նախատեսում է ազատազրկում մինչև տասներկու տարի ժամկետով։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դատարան կդիմի՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Ներքին գործերի նախարարությունում քննությունը շարունակվում է՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց հայտնաբերելու նպատակով», – ասված է հաղորդագրությունում։