Բաչո Ախալայան հարցաքննությունից հետո լքել է Քրեական ոստիկանության բաժանմունքը
Քրեական ոստիկանության դեպարտամենտում ավարտվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի հարցաքննությունը։
Հարցաքննությունից հետո Ախալայան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հարցերը հիմնականում վերաբերում էին հոկտեմբերի 4-ին տարածված աուդիոձայնագրությանը։
«Գրեթե նույն հարցերն էին, ինչ դուք՝ լրագրողներդ տվեցիք։ Հիմնականում վերաբերում էր այդ աուդիոձայնագրությանը։ Հարցնում էին՝ ում եմ ճանաչում, երբ եմ ծանոթացել և այլն։ Հարցերը երկար էին տալիս, կրկնում էին, ստուգում, մի տեղից մյուսը տեղափոխում, համադրում։ Ես սպասում էի։ Այնքան ժամանակ անհրաժեշտ չէր, ուղղակի տեխնիկապես ձգձգեցին, որովհետև ձայնագրում էին, կարդում էին, հետո երկար սպասում էին սարքին, ինչ-որ ձայնագրիչին, որով պետք է համեմատեին ձայնային նմուշը։ Սկզբունքորեն հնարավոր էր, որ ամեն ինչ շատ ավելի արագ ավարտվեր։ Ահա իմ ձայնը, այնտեղ էլ այդ ձայնը կա, և ակնհայտ է, որ դրանք տարբեր ձայներ են, ընդհանրապես տարբեր աշխարհների ձայներ։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ։ Բացատրեցի՝ ում եմ ճանաչում, որտեղից եմ ճանաչում, ինչ հարաբերություններ ունեմ, ում հետ եմ մտերիմ, որտեղ եմ ապրում և այլն», – ասել է Բաչո Ախալայան։
Նա նաև անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին, թե հարցաքննության ժամանակ նրան շտապօգնություն է անհրաժեշտ եղել, ինչը Ախալայան հերքել է։
«Չգիտեմ, դա ինչ էր նշանակում։ Փաստաբանը երբ դուրս եկավ, ասաց ինձ այդ մասին։ Չեմ պատկերացնում, թե ինչի մասին էր խոսքը։ Շտապօգնության մասին պատմությունը անլուրջ խելահեղություն էր, չեմ հասկանում», – նշել է նա։
Ինչ վերաբերում է Ախալայայի կնոջ՝ Աննա Նադարեիշվիլիի ՊԱԾ կանչվելու հարցին, նախկին նախարարը նշել է, որ այդ մասին ոչինչ չգիտի և ամեն ինչ պարզ կդառնա։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան Քրեական ոստիկանության դեպարտամենտում հարցաքննության էր հրավիրվել հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ սկսված քրեական գործի շրջանակում՝ որպես վկա և ձայնային նմուշ հանձնելու նպատակով։
Նշենք նաև, որ հոկտեմբերի 4-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել էր ենթադրյալ հեռախոսազրույցի աուդիոձայնագրություն Պաատա Բուրճուլաձեի և Բաչո Ախալայայի միջև, որի իսկությունը դեռ չի հաստատվել։ Տարածված ձայնագրությունում քննարկվում են հոկտեմբերի 4-ի իրադարձությունները։