Քևին Սփեյսիի երկրպագուները ստիպված կլինեն երկար ժամանակ իրենց կուռքին էկրաններից չտեսնել, քանի որ 58-ամյա հոլիվուդյան դերասանը որոշել է ստեղծագործական դադար վերցնել և ժամանակավորապես դադարել ֆիլմերում և հեռուստասերիալներում նկարահանվել, ինչպես նաև հեռանալ բեմից: Իսկ դրա պատճառը սեռական ոտնձգությունների մեջ դերասանի հասցեին հնչած մեղադրանքներն են և անհաջող խոստովանությունը միասեռական լինելու մասին:
«Քևին Սփեյսին ժամանակ է վերցնում, որպեսզի կշռադատի ամեն ինչ և անհրաժեշտ օգնություն ստանա: Լրացուցիչ որևէ տեղեկություն բացակայում է», – հայտարարել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչը` պատմելով դերասանի ստեղծագործական դադարի մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրությունը տեղեկացավ 30 տարվա վաղեմության մի պատմության, որի համաձայն` 26-ամյա Քևին Սփեյսին սեռական ոտնձգության է ենթարկել 14-ամյա էնթոնի Ռեփին: Իսկ այդ պատմությունից հետո իրադարձություններն ամենևին էլ Սփեյսիի օգտին չզարգացան:
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մեղադրեցին դերասանին, որ միասեռական լինելու խոստովանությունն ընդամենը մանկապղծության մեղադրանքից խուսափելու և թաքնվելու միջոց էր: Դերասանը զրկվեց պատվավոր «Էմմի» մրցանակից, իսկ նրա մասնակցությամբ «Քարտե տնակը» հեռուստասերիալը փակվեց: