Չինաստանն ու ԱՄՆ-ն Թրամփի այցի ընթացքում ստորագրել են 280 մլրդ դոլարի արժեք ունեցող առևտրական համաձայնագիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Պեկին այցի ընթացքում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված առևտրային համաձայնագրերի գումարը հասել է 280 մլրդ դոլարի, հայտնում է South China Morning Post պարբերականը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթերին ծանոթ աղբյուրներին:
Հայտնի է դարձել, որ Թրամփի այցի շրջանակում ամերիկյան և չինական ընկերություններն արդեն 9 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մի շարք համաձայնագրեր են ստորագրել, սակայն պարբերականը նշում է, որ սա իսկապես խոշոր համաձայնագրերի ստորագրման միայն նախաբանն էր:
Եթե պարբերականի աղբյուրների տեղեկությունները հաստատվեն, ապա Թրամփի այցը Չինաստան ամերիկյան և չինական բիզնեսի համար կդառնա ամենաարդյունավետ պաշտոնական այցերից մեկը:
Նշվում է, որ ամենախոշոր համաձայնագրերից մեկը կարող է դառնալ չինական խոշոր պետական կորպորացիա China Petroleum and Chemical Corp.-ի և Ալյասկայում բնական գազի հանքավայրերի հետազոտության ամերիկյան կողմի միջև գործարքը: Ըստ որում՝ չինական նեդրումային հիմնադրամ China Investment Corp.-ը կարող է այս նախագծին ֆինանսական աջակցություն ցույց տալ: Հնարավոր է՝ որպես ներդրող հանդես գա նաև Չինաստանի պետական բանկը՝ Bank of China-ն:
Էներգետիկայի ոլորտում ևս մեկ համաձայնագիր կարող է լինել China National Petroleum Corp.-ի և Cheniere Energy-ի միջև հեղուկ բնական գազի «մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը»:
Աղբյուրները միաժամանակ հայտնել են, որ բջջային հեռախոսների չինական խոշոր արտադրողները և հավաքող Xiaomi-ն ու Vivo-ն ամերիկյան Qualcomm ընկերության արտադրանքը գնելու համաձայնագիր կստորագրեն, որը բջջային սարքերի համար չիփեր է արտադրում:
Դրանից զատ, նշվում է հինգշաբթի ստորագրման պատրաստվող Boeing օդանավեր գնելու և Չինաստան Tesla ավտոմեքենաներ ներմուծելու գործարքների մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan