Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Մոսկվայի մարզում գտնվող «Դուբնա» տիեզերական կապի կենտրոնին

18:17, 22.06.2026

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Մոսկվայի մարզում գտնվող «Դուբնա» տիեզերական կապի կենտրոնին։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբից՝ նշելով, որ տեղում ծուխ է նկատվել, իսկ հասցված վնասի չափերն այս պահին գնահատվում են։

Հարձակման մասին տեղեկությունը հաստատել է նաև ռուսական պետական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ռուսական պետական «Տիեզերական կապ» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ «հեռուստատեսային հեռարձակման և կապի գործունեությունը չի խաթարվել, անձնակազմը չի տուժել»։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչում էր 84 անօդաչու թռչող սարք, որոնք խոցվել են։ Նրա իսկ խոսքով՝ ավերածություններ և տուժածներ չեն արձանագրվել։

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը երկու ժամով սահմանափակել էր չվերթների ընդունումն ու մեկնումը։ Իսկ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններն աշխատում էին «Ռոսավիացիայի» հետ համաձայնեցված։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ հունիսի 22-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի 13 տարածաշրջանների, ինչպես նաև անեքսիայի ենթարկված Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքներում ընդհանուր առմամբ ոչնչացրել են ուկրաինական 301 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ գիշերային հարձակման թիրախ է դարձել նաև Վորոնեժի կիսահաղորդիչների արտադրության գործարանը։

Նմանատիպ