Հռոմի Պապ. Սոված մարդկանց փոխարեն համաշխարհային առաջնորդները «կերակրում են» պատերազմները
Սոված մարդկանց փոխարեն համաշխարհային առաջնորդները «կերակրում են» պատերազմները»,- այս մասին Հռոմում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին (WFP) ուղղված ուղերձում հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։
Նրա իսկ խոսքով՝ առաջնորդների գլոբալ առաջնահերթությունները խիստ աղավաղված են։
Կաթոլիկ աշխարհի առաջնորդը կառավարություններին կոչ է արել ավելացնել ծախսերը սովի դեմ պայքարի համար և չսահմանափակել պարենային ծրագրերը։
Նրա խոսքով՝ երկրներն «ավելի ու ավելի են իրենց ռեսուրսները բաշխում հանուն ազգային անվտանգության, տնտեսական աճի և ներքին կայունության, մինչդեռ միևնույն ժամանակ մոռանում են միջազգային կարիքների մասին»։
«Իրական համագործակցություն պահպանելու ունակություն ունեցող ընդհանուր էթիկական հորիզոնի բացակայության պատճառով միջազգային համակարգը բազմակողմանիությունից անցել է խառնաշփոթ և հակամարտություններով լի բազմաբևեռության, որտեղ գերակշռում է անվստահության զգացումը։ Ըստ այդմ, պետություններն ավելի ու ավելի են իրենց ռեսուրսները բաշխում հանուն ազգային անվտանգության, տնտեսական աճի և ներքին կայունության։ Կարևոր է նաև դիմադրել մարդու հիմնական կարիքների առևտրայնացմանը։ Սնունդը, ջուրը և առողջապահությունը չեն կարող ենթարկվել շուկայական նկատառումներին կամ աշխարհաքաղաքական շահերին։ Սննդի հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է՝ հիմնված յուրաքանչյուր մարդու արժանապատվության վրա։ Այս կարիքի բավարարումը ոչ միայն մեղմում է տառապանքը, այլև վերացնում է աշխարհաքաղաքական անկայունության պատճառները։ Իսկապես, պարենային անվտանգությունը գլոբալ և ինտեգրալ անվտանգության անհրաժեշտ բաղադրիչն է»,- հայտարարել է նա։