Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ ինքը Եվրամիության հետ երկխոսության կողմնակից է, սակայն քաղաքական դիրքորոշումներ թելադրելն անընդունելի է
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարում է, որ կողմ է Եվրամիության հետ երկխոսությանը, սակայն մի կողմի կողմից մյուս կողմին քաղաքական դիրքորոշումների թելադրումն անընդունելի է։
«Մենք հավատում ենք Եվրամիության հետ համապարփակ, անկեղծ և բաց երկխոսության կարևորությանը, սակայն երկխոսությունը չի կարող լինել միայն մի կողմի կողմից մյուս կողմին քաղաքական դիրքորոշումների թելադրում»,- հայտարարել է Սաարը։
«Եվրոնյուզի» փոխանցմամբ՝ Գիդեոն Սաարն այս հայտարարությունն արել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասի հետ դիվանագիտական հակամարտության ֆոնին։ Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Եվրոպայի և Իսրայելի հարաբերությունները կարևոր են երկու կողմերի համար էլ։
Իսրայելի արտաքին գործերի նախարարն այսօր Երուսաղեմում հանդիպել է Եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցային։ Սաարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Շուիցան հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի գործընկերները պետք է կարողանան անկեղծորեն խոսել, և հավելել է, որ «գործընկերությունը պահանջում է բաց և անկեղծ երկխոսություն»։
Մամուլի ասուլիսի ժամանակ ո՛չ Շուիցան, ո՛չ Սաարը կոնկրետ ակնարկ չեն արել Կայա Կալասի հասցեին, սակայն, ինչպես հայտնի է, Իսրայելի արտաքին գործերի նախարարը հունիսի 16-ին հայտարարել էր, որ դադարեցնում է հարաբերությունները Կալասի հետ՝ Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքը ապարտեիդի հետ համեմատելու պատճառով։ Ի պատասխան՝ Կալասը նշել էր, որ «արժևորում է Իսրայելի հետ երկխոսությունը»։