ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախարարին սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախարարին սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում

ԱՄՆ-ում մինչև 95 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանին, որը մեղադրվում է Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձերի, ինչպես նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար:

Նշենք, որ օրերս Նյու Յորքի դատախազությունը Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարինկալանավորելու որոշում է կայացրել:

Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, դատարանում կքննվի նախկին թուրք նախարարի՝ 2011թ.-ի հուլիսից մինչև 2013թ.-ի դեկտեմբեր ծավալած գործունեությունն ու այդ ընթացքում փողերի լվացման հետ կապված նրա ձեռնարկած քայլերը:

Ի դեպ, Չաղլայանի որդին ձերբակալվել էր կոռուպցիոն սկանդալի հետքերով: Չաղլայանը ստիպված է եղել հրաժարական տալ, նրա հետ միասին հրաժարական է տվել նաև այն ժամանակվա ներքին գործերի նախարարը: Նույն կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշված են եղել նաև այն ժամանակ դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի որոշ անդամներ, այդ թվում՝ որդին:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Չաղլայանի դեմ հարուցված գործը, այն անվանել էր Թուրքիայի հանրապետության դեմ արված քայլ:

«Բացեիբաց եմ ասում՝ ես սա Թուրքիայի հանրապետության դեմ արված քայլ եմ որակում: Վատ հոտ է գալիս…», – ասել է Էրդողանը: