Լևան Մախաշվիլի. Նա, ով քեզ դրդում է ապակայունացման, շանտաժի է ենթարկում քեզ, թև ու թիկունք է լինում արմատականներին և փորձում է պատժել քեզ քո երկրում խաղաղություն պահպանելու համար, երբեք չի կարող լինել Վրաստանի իսկական բարեկամը

16:50, 23.06.2026

Այս օրերին մենք տեսնում ենք հերթական ակտիվացած անհիմն հարձակումը Վրաստանի վրա։ Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին փաստաթղթերը, որոնք ոմանք մեզ են հրամցնում առաջընթացի անվան տակ, իրականում ուղղակի ուղեցույց են այն արմատական ուժերի համար, որոնց միակ նպատակը մեր երկրի հիմքերը խարխլելն է,– լիագումար նիստում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին։

Նրա խոսքով՝ նրանք պայքարում են ամեն ինչի և բոլորի դեմ, ինչը թանկ է Վրաստանի համար և ինչի վրա դարեր շարունակ կանգնած են եղել մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը։

«Եկեք վերանայենք հրահանգի վերածված այս բանաձևերը, զեկույցները, հայտարարությունները և տեսնենք, թե իրականում ինչ են ուզում, ինչ հրահանգներ են տալիս, ինչի դեմ պետք է պայքարեն Վրաստանում․ նրանք պետք է պայքարեն պետական ինստիտուտների՝ իրավապահների, դատարանի, պետական կառույցների, ընտրությունների, թափանցիկության դեմ։ Նրանց նպատակն է վարկաբեկել այս ինստիտուտները և խարխլել իրավական հիմքերը, որպեսզի երկրում քաոս, նիհիլիզմ ու անվստահություն սերմանեն։ Նրանք չեն ցանկանում ուժեղ պետություն, քանի որ ուժեղ պետությունը նշանակում է ամուր ինքնիշխանություն, իսկ նրանց պետք է թույլ և կառավարելի Վրաստան։

Նրանք ուզում են պայքարել մեր հոգևորականության գլխավոր հենասյան՝ մեր Մայր եկեղեցու դեմ՝ այն ինստիտուտի, որը ամենածանր դարերում մեզ համար պահպանեց լեզուն, հայրենիքը և հավատքը։ Եկեղեցու հետ միասին նրանք պայքարում են ընտանիքի, ավանդույթների, ինքնության դեմ։ Եկեղեցու և արժեքների վրա հարձակվելով՝ նրանք ցանկանում են կոտրել մեր ազգային մարմնի ողնաշարը, քանի որ գիտեն, որ քանի դեռ վրացի տղամարդու թիկունքին հավատքն ու ավանդույթն են, նրան ոչ մի օտար օրակարգ չես կարող պարտադրել։

Նրանք պետք է պայքարեն հարգարժան մարդկանց՝ հասարակության հեղինակությունների, մտավորականների, գիտնականների, արվեստագետների, մարզիկների, ավագ սերնդի, հայրենասերների դեմ․ նրանց, ում խոսքը ժողովրդի համար միշտ կշիռ է ունեցել․ նրանց, ում բարձրացրած դրոշը միավորում է ազգին․ նրանց, ովքեր անչափելի ավանդ ունեն մեր երկրի կառուցման գործում։ Ընթանում է միտումնավոր արշավ, որպեսզի բարոյապես ոչնչացնեն, ցեխ շպրտեն և արժեզրկեն բոլորին, ովքեր վաստակ ունեն երկրի առջև, որպեսզի հասարակությանը թողնեն առանց կոնկրետ ուղեցույցի։

Նրանք պետք է պայքարեն խաղաղության դեմ՝ այն գլխավոր ձեռքբերման, որը մենք ատամներով պահպանում ենք այս ամենածանր աշխարհաքաղաքական փոթորիկներում։ Խաղաղությունը նրանց համար ոչ թե արժեք է, այլ մարտահրավեր և խոչընդոտ։ Նրանք փորձում են բևեռացնել հասարակությունը, բորբոքել թշնամանք մարդկանց միջև, ատելություն սերմանել, որպեսզի պառակտված ու թուլացած ժողովուրդը հեշտությամբ դառնա օտար շահերի զոհ»,– հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամը։

Ինչպես նշել է Լևան Մախաշվիլին, այս բանաձևերը չեն արտահայտում վրաց ժողովրդի կամքն ու շահերը, այլ դա Ուկրաինայի պատերազմի համատեքստով թելադրված, աշխարհաքաղաքական կոնյունկտուրայով բարձրացված կարճաժամկետ աղմուկ է, որը ժամանակի ընթացքում անպայման կմարի, իսկ մեր երկիրը հաստատակամորեն կշարունակի իր ուղին։

«Ծագում է գլխավոր հարցը, որի աչքերին պետք է ուղիղ նայենք․ հնարավո՞ր է արդյոք նման փաստաթղթերի հեղինակներին անվանել Վրաստանի բարեկամներ։ Պատասխանը շատ հստակ է՝ ո՛չ։ Իսկական բարեկամը հարգում է քո ընտրությունը, քո մշակույթը և քո անվտանգությունը։ Նա, ով քեզ դրդում է ապակայունացման, ով շանտաժի է ենթարկում քեզ, ով թև ու թիկունք է լինում արմատականներին և ով փորձում է պատժել քեզ քո երկրում խաղաղություն պահպանելու համար, երբեք չի կարող լինել Վրաստանի իսկական բարեկամը։ Այս անարդար քաղաքական աղմուկին մեր պատասխանը կլինի միասնական, հանգիստ և ամուր․ Վրաստանը այլևս երբեք չի դառնա օտարի քաղաքական խաղերի գործիք և մեծ աշխարհաքաղաքական էգոների զոհ։ Բնակչության աջակցությամբ մենք կպաշտպանենք մեր երկրի խաղաղ և արժանապատից ապագան»,– հայտարարել է Լևան Մախաշվիլին։

Նմանատիպ