Թբիլիսիի մանկապարտեզներում գրանցման առաջին փուլը կսկսվի հուլիսի 6-ին

13:16, 24.06.2026

Թբիլիսիի մասշտաբով մանկապարտեզներում 2026-2027 ուսումնական տարվա համար գրանցումը կսկսվի հուլիսի 6-ից։

Ինչպես մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի մունիցիպալիտետի կառավարության նիստում, գրանցումը կիրականացվի երեք փուլով՝ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության kids.org.ge կայքում։

«Սաների գրանցումը կլինի էլեկտրոնային և կսկսվի հուլիսին։ Գրանցումը կիրականացվի երեք փուլով՝ մանկապարտեզների կառավարման գործակալության կայքում։ Գրանցման առաջին փուլը կսկսվի հուլիսի 6-ին, ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 12-ի ժամը 00:00-ն։ Գրանցում կանցնեն հետևյալ թիրախային խմբերը ներկայացնող երեխաները՝ Թբիլիսիում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, Թբիլիսիի մանկատան շահառուները, Թբիլիսիում գրանցված միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող քաղաքացիների երեխաները։ Ինչպես նաև Թբիլիսիում գրանցված բազմազավակ ծնողի կարգավիճակ ունեցող քաղաքացիների երեխաները, զինծառայողների երեխաները, քույր-եղբայրները և մանկապարտեզների աշխատակիցների երեխաները»,- նշել է Կախա Կալաձեն։

Ինչ վերաբերում է գրանցման երկրորդ փուլին, նրա տեղեկությամբ՝ այն կսկսվի հուլիսի 13-ին, ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 19-ի ժամը 00:00-ն։

«Երկրորդ փուլում կգրանցվեն Թբիլիսիի մունիցիպալիտետի տարածքում գրանցված երեխաները, իսկ երրորդ փուլը կսկսվի հուլիսի 20-ին, ժամը 10:00-ին և նախատեսում է համընդհանուր գրանցում։ Դա նշանակում է, որ Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում կկարողանան գրանցվել 2-ից մինչև 6 տարեկան բոլոր երեխաները՝ անկախ գրանցման վայրից։ Գրանցման մասին առավել մանրամասն տեղեկատվություն շահագրգիռ անձինք կկարողանան ստանալ մանկապարտեզների գործակալության, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծի միջոցով»,- հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետը։

Նմանատիպ