Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում: Կանցլերի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու կառավարության գրասենյակում:
Անգելա Մերկելի հետ միասին Վրաստան են ժամանել նաև՝ պետքարտուղար, սպիկեր Շտեփեն Զայբերտը, Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Փայչը, արտաքին և անվտանգության հարցերով կանցլերի խորհրդական Յան Հեկերը, տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կանցլերի խորհրդատու Լարս Հենդրիկ Ռոելերը, եվրոպական հարցերով կանցլերի խորհրդատու ՈՒվե Կորսեպիուսը և կանցլերի վարչակազմի հարավային Կովկասի բաժանմունքի ղեկավար Մաթիաս Լյուտենբերգը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը երկօրյա է, այն սկսվելու է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ:
Գերմանիայի կանցլերը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին հանդիպելու է նաև ընդլայնված ձևաչափով: Հանդիպման ավարտից հետո Անգելա Մերկելը և Մամուկա Բախտաձեն կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս:
Այցի առաջին օրը նախատեսված է Գերմանիայի կանցլերի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ, որից հետո Անգելա Մերկելը ծաղկեպսակ է դնելու Հերոսների հուշարձանին:
Օգոստոսի 23-ին, պաշտոնական ճաշ է կայանալու Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի անունից:
Անգելա Մերկելը Թբիլիսիում հանդիպումներ է անցկացնելու նաև այցի երկրորդ օրը, օգոստոսի 24-ին, այդ թվում նախատեսված է հանդիպում ընդդիմության ներկայացուցիչների և «Արժանի գործընկեր» զորավարժության մասնակից զինծառայողների հետ:
Բացի այդ Մերկելը այցելելու է բռնազավթված գոտիների հարակից տարածք: Նա այնտեղ հանդիպելու է դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan