Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով զենք փոխադրվեր Հայաստան, ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել Վրաստանի իշխանություններին. Իլհամ Ալիև
Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով զենք փոխադրվեր Հայաստան, ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել Վրաստանի իշխանություններին. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնում Վրաստանի իշխանություններին, որ թույլ չեն տվել Հայաստան զենք մատակարարվի Վրաստանի տարածքով:

«Ինչպես գիտեք, Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով զենք փոխադրվեր Հայաստան»,- ասել է Ալիևը: Ըստ նրա, դա է պատճառը, որ զենքը մատակարարվում է տրանսպորտային ինքնաթիռների միջոցով, մերձկասպյան երկրների տարածքով և օդային ճանապարհով:

Խոսքը վերաբերում է այս տարվա հուլիսին, որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե իբր Սերբիան զենք է ներմուծել Հայաստան Վրաստանի տարածքով:

«Վրաստանը հանդես է եկել որպես հուսալի գործընկեր: Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Վրաստանի կառավարությանը դրա համար: Կարող եմ ասել, որ Վրաստանի կառավարության տեսքով մենք ունենք հուսալի գործընկեր»,- ասել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով, Վրաստանի և Ադրբեջանի միջպետական ​​կապերն ամեն օր ուժեղանում են: Իրականացվում են բազմաթիվ նախագծեր: Մոտ ժամանակներս նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական այցը Վրաստան:

Իլհամ Ալիևը նշում է, որ Ադրբեջանն ու Վրաստանը կապված են ինչպես պատմական կապերով, այնպես էլ ընդհանուր շահերով:

«Ադրբեջանը միշտ Վրաստանի կողքին է: Ես հիմա չեմ ցանկանում թվարկել այս պատմական փաստերը: Սակայն Ադրբեջանը միշտ աջակցում է Վրաստանի զարգացմանը, բարեկեցությանը և կայունությանը»,- ասել է Ալիևը: