Նավալնիին օգտագործում են այն ժամանակ, երբ ժողովրդի մեջ աճում է բողոքը. Վլադիմիր Պուտին
Նավալնիին օգտագործում են այն ժամանակ, երբ ժողովրդի մեջ աճում է բողոքը. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ, Վլադիմիր Պուտինի խոսքով, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին օգտագործում են այն ժամանակ, երբ բոլոր երկրներում, ներառյալ Ռուսաստանում մարդիկ հոգնած են ու նյարդայնացած: Այս մասին Պուտինը հայտարարել է ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որի տեսանյութը հրապարակել է Կրեմլը:

«Այս անձին օգտագործում են այն ժամանակ, երբ բոլոր երկրներում, ներառյալ Ռուսաստանում, մարդիկ հոգնած են ու նյարդայնացած: Դժգոհությունն առաջանում է այն պայմաններից, որի մեջ մարդիկ ապրում են: Դժգոհություն եկամուտների կապակցությամբ: Իհարկե, դրանից փորձում են օգտվել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում: Դրանից օգտվում են նաև մեզ մոտ: Այդպիսին էր հաշվարկը», – ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինի խոսքով, Ռուսաստանի մրցակիցները միշտ փորձում են ապավինել հավակնոտ մարդկանց, ովքեր ունեն իշխանության ծարավ:

«Այս մարդկանց մեր մրցակիցներն օգտագործում են սեփական շահերի համար: Դրանում ոչ մի նոր բան չկա: Փառասիրությունը շատ է, էներգիան շատ է, մեծ գումար վաստակելու ու իշխանության գալու ցանկությունը մեծ է: Նրանք օգտագործում են այս ամենը: Այս մարդիկ օգտագործվում են տարբեր ուղղություններով, օրինակ, հետխորհրդային տարածքում: Մեր ազդեցությունն այս տարածքում վերջին տարիներին աճել է, և դա մտահոգության տեղիք է տալիս: Այնպես որ, նրանք կփորձեն հետ քաշել Ռուսաստանը և այդ մարդկանց օգտագործել դրանում», – հայտարարել է Պուտինը:

Բացի Նավալնիից, Պուտինը խոսել է Ուկրաինայի արևելյան մասի մասին և ասել, որ «Ռուսաստանը չի լքի Դոնբասը»:

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին: Այժմ նա կալանքի տակ է: Նավալնին Ռուսաստանի իշխանություններին մեղադրում է իրեն քիմիական զենքով թունավորելու մեջ: