Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել երկրորդ անգամ:

Հայաստանի վարչապետին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

«Հարևան երկրների միջև սերտ հարաբերությունն անչափ կարևոր է: Պետք է նշվի, որ սա Հայաստանի վարչապետի երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան: Ընտրվելուց հետո նա առաջին պաշտոնական այցը կատարել է Վրաստան: Հարևանների միջև նման հաճախակի երկկողմ այցերը մեկ անգամ ևս ընդգծում են Վրաստանի կարևորությունը Հայաստանի համար և Հայաստանի կարևորությունը Վրաստանի համար»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, այցի շրջանակներում նախատեսված հանդիպումներին քննարկվելու են հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները:

«Բնականաբար, մենք քննարկելու են հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները: Խոսքը վերաբերելու է առևտրին, էկոնոմիկային, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, տրանսպորտային հաղորդակցությանը, մշակույթին, միջժողովրդական հարաբերությանը: Զրուցելու ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Վրաստանը և Հայաստանն «Արևելյան գործընկերության» երկրներ են և այս տարին մեզ համար շատ կարևոր է, քանի որ կայանալու է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Հատկանշական է, որ այցն ընթանում է աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի ֆոնին և հարևան երկրների միջև կարևոր է համակարգումը, որպեսզի համատեղ կերպով հաղթահարենք այս մարտահրավերը: Այս համակարգումը շատ արդյունավետ կերպով է իրականացվել անցած օրերի ընթացքում և վստահ եմ, այս այցի ժամանակ ևս մենք կզրուցենք համատեղ գործողությունների բոլոր հիմնական ուղղությունների մասին, որոնք կօգնենք նշված խնդիրը լուծելու գործում»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը կայանալու է Վրաստանի կառավարության վարչությունում: Փաշինյանին հյուրընկալելու է Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան: Անցկացվելու է Վրաստանի և Հայաստանի վարչապետի հանդիպումը դեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափում, որից հետո Գիորգի Գախարիան և Նիկոլ Փաշինյանը մամուլի համար հանդես կգան հայտարարություններով:

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նիկոլ Փաշինյանը պատվիրակության անդամների հետ միասին Հերոսների հրապարակում հարգելու է Վրաստանի միասնության համար պայքարում զոհված հերոսների հիշատակը:

Հայաստանի կառավարական պատվիրակության այցը Վրաստան ավարտվելու է մարտի 4-ին: