Ֆրանսիան ռուս միլիարդատեր Սուլեյման Քերիմովին ազատ է արձակել 5 մլն եվրո գրավի դիմաց
Ֆրանսիան ռուս միլիարդատեր Սուլեյման Քերիմովին ազատ է արձակել 5 մլն եվրո գրավի դիմաց

Նոյեմբերի 20-ին Ֆրանսիայում ձերբակալված ռուս միլիարդատեր  Սուլեյման Քերիմովին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման ու հարկերի վճարումից խուսափելու համար, հայտնում էkorrespondent.net-ը:

Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քննիչները կասկածում են, որ Քերիմովը Լազուե ափին գտնվող մի քանի շքեղ առանձնատներ է գնել կեղծ ընկերությունների միջոցով:

Նիցցայի դատախազ Ժան Միշել Պրետրը տեղեկացրել է, որ միլիարդատերը պետք է 5 մլն եվրո գրավ վճարի՝ բանտ չտեղափոխվելու համար:

«Նրան բանտ չեն տեղափոխի, բայց դրա դիմաց նա պետք է մի շարք պահանջներ կատարի՝ չլքի երկիրը, շաբաթական մի քանի անգամ ոստիկանություն գա, 5 մլն եվրո գրավ վճարի, հանձնի անձնագիրն ու շփման մեջ չմտնի մի շարք անձանց հետ, որոնց անունները չեմ կարող հրապարակել »,-մանրամասնել է Պրետրը:

Հիշեցնենք, որ Քերիմովը ձերբակալվել էր նոյեմբերի 20-ին՝ Նիցցայում: Երեկ նա հարցաքննվել է դատարանում:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնական նոտա է հղել Ֆրանսիայի իշխանություններին, իսկ ՌԴ նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ սենատորը դիվանագիտական անձնագրի կրող է: